AM
4 Օգոստոս 2007 - 13:49 AMT

Ռիչարդ Հոգլանդը չի ներկայացնի ԱՄՆ-ն Հայաստանում

ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովն երկու անգամ արգելափակեց Ռ.Հոգլանդի թեկնածությունը Երեւանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի համար: Երկու անգամ էլ վետոյի իրավունքից օգտվեց Նյու Ջերսիից ընտրված սենատոր Ռոբերտ Մենենդեզը, որը հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանությունն ուրացող մարդը չի կարող պաշտպանել ԱՄՆ-ի շահերը Հայաստանում: Հանձնաժողովում լսումների ժամանակ Հոգլանդը հայտարարեց, որ ճանաչում է 1915 թվականի իրադարձությունները, սակայն չի համարում, որ դա ցեղասպանություն է եղել: Ըստ էության, Հոգլանդն ուղղակի հայտնել էր ԱՄՆ վարչակազմի տեսակետը, որը մինչ այժմ չի ճանաչել Հայոց ցեղասպանության պատմական իրողությունն ի շահ ամերիկաթուրքական կապերի: Ի դեպ, հենց Հայոց ցեղասպանության հրապարակային ճանաչման պատճառով ետ կանչվեց ՀՀ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը:

«Մենք բավարարված ենք նրանով, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը վերջապես ճանաչեց այն, ինչը շուրջ մեկ տարի է պնդում են Ամերիկայի հայ համայնքը եւ ANCA-ն, այն է` Դիք Հոգլանդն իր խոսքերով վարկաբեկեց իրեն ինչպես որպես ամերիկյան արժեքների եւ ԱՄՆ-ի շահերի, այնպես էլ Հայաստանում ԱՄՆ-ի շահերի դեսպանի կողմնակցի: Մենք ցանկանում ենք երախտագիտություն հայտնել սենատոր Ռոբերտ Մենենդեզին իր սկզբունքային դիրքորոշման համար, որի համաձայն, Հայոց ցեղասպանությունը ժխտող մարդը չպետք է ներկայացնի ԱՄՆ-ի շահերը Հայաստանում»,-նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: «Դա իրոք լավ նորություն է: Պարզ էր, որ Հոգլանդի թեկնածությունը Հայաստանում դեսպանի պաշտոնի համար վիճահարույց էր: Ես հուսով եմ, որ մեր հաջորդ թեկնածուն ըմբռնումով կմոտենա այդ խնդրին: Նա կնպաստի Հայաստանում մեր բարեկամների հետ լավ հարաբերությունների զարգացմանը»,-հայտարարել է սենատոր Ռ.Մենենդեզը: Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի հեղինակ, կոնգրեսական Ադամ Շիֆի խոսքերով, նախագահն իրավացի էր Հոգլանդին ետ կանչելու հարցում: «ԱՄՆ Կոնգրեսում լսումների ժամանակ Հոգլանդը շարունակում էր ժխտել, որ մեկ եւ կես միլիոն հայերի կոտորածը 1915-1923 թվականներին Ցեղասպանություն է եղել, այդպիսով բորբոքելով հայերի, հատկապես այն սակավաթիվ հայերի վերքը, որոնք վերապրել են 20 դարի առաջին ցեղասպանությունը: Ես հուսով եմ, որ նախագահը շուտով նոր դեսպան կնշանակի, որն ավելի շատ պատրաստ կլինի քննարկել Հայոց ցեղասպանության հարցը»,-ասել է Ադամ Շիֆը:

Կարելի է ենթադրել, թե այն, որ ԱՄՆ-ի վարչակազմը հրաժարվեց Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունից, թելադրված էր Հայոց ցեղասպանությունը հաստատող Կոնգրեսի բանաձեւի ընդունումը կանխելու ցանկությամբ: Ավելին, հաջորդ տարի ԱՄՆ-ում կայանալու են նախագահական ընտրություններ: Հանրապետականներն արդեն ակնհայտորեն տանուլ են տալիս դեմոկրատներին եւ այս քայլն ուղղված է դիրքերի ամրապնդմանը Ամերիկայի հայ համայնքում, որը բավարար կշիռ ունի ընտրությունների արդյունքի վրա ազդելու համար: Սակայն դա պատրանք է` միեւնույն է դա չի ապահովի հանրապետականների հաղթանակը: ԱՄՆ-ի հայերի մեծամասնությունը նախապատվությունը տալիս են դեմոկրատներին ոչ միայն այն պատճառով, որ նրանք հանդես են գալիս ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: Դեմոկրատները, ինչպես կարծում են ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները, «առավել կանախտեսելի են»: Սակայն ինչ էլ կարծեն ԱՄՆ-ի հայերը, հայկական լոբբին մեծ հաջողության է հասել: Ջորջ Բուշն այդպես էլ վճռական քայլի չդիմեց` չշրջանցեց Սենատը դեսպանի նշանակման հարցում: Գուցե հենց այդ անվճռականությունը կարող է հանգեցնել նրան, որ ըստ թուրքական մամուլի հաղորդագրությունների, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը մտադիր է «զատվել Բուշի «կաղ» արտաքին քաղաքականությունից»: