Հունվարի 30-ին կոնգրեսական Ադամ Շիֆը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել 106-րդ բանաձեւը` Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին Ցեղասպանության ճանաչման հաստատման մասին: Բանաձեւում նաեւ նշվում է, որ ԱՄՆ նախագահը պարտավոր է օգտագործել «ցեղասպանություն» տերմինը ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում ԱՄՆ հայ համայնքին: Բանաձեւի քննարկումը խստորեն դատապարտվեց Թուրքիայի կողից: Անկարան շանտաժի եւ ճնշման միջոցով կարողացավ ստիպել ԱՄՆ նախագահի աշխատակազմին եւ Պետդեպարտամենտին հետաձգել քվեարկությունը Պալատում, չնայած, որ հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն է տվել 106-րդ բանաձեւին: Ընդ որում, կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ հանձնաժողովում լսումների ընթացքում անգամ դեմ քվեարկած կոնգրեսականներից ոչ ոք կասկածի տակ չդրեց այն, որ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն են եղել:
Փետրվարին Հայաստանի եւ Իրանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն եւ Մահմուդ Ահմադինեժադը բացել են Իրան-Հայաստան գազատարը, որը դարձել է Հայաստանի գազի մատակարարման երկրորդ աղբյուրը: Գազատարը շահագործման ենթարկելով` էներգետիկ կախվածությունը ռուսական ճյուղից, որն անցնում է Վրաստանի տարածքով, բավական կրճատվել է:
Ապրիլին լրացավ Հայաստանի եւ Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15-ամյակը: Այդ առիթով Երեւան ժամանեց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: Երկրի ղեկավարության եւ լրագրողների հետ հանդիպմանը Լավրովը եւս մեկ անգամ հաստատել է ՀՀ եւ ՌԴ ռազմավարական համագործակցության կարեւորությունը:
Մայիսին Հայաստանում կայացան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում էական գերազանցությամբ հաղթանակ տարավ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Ընտրությունները առաջին անգամ դրական գնահատակ ստացան ԵԱՀԿ-ի եւ ԵԽԽՎ-ի կողմից:
Անցած տարում Ղարաբաղի հարցը գրեթե փոփոխություններ չի ապրել: Մադրիդում ԵԱՀԿ գագաթնաժողովին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները երկու երկրների արտգործնախարարներին գրավոր առաջարկությունների փաթեթ են փոխանցել: ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովի խոսքերով, միջնորդները կարող են մինչ Հայաստանի նախագահական ընտրությունները (փետրվարի 19) Ղարաբաղի հարցով խաղաղ կարգավորման նախագիծ պատրաստել, եթե հակամարտության կողմերը համաձայնվեն կարգավորման հիմնային սկզբունքների հետ:





