AM
29 Հունվար 2008 - 14:06 AMT

Թուրքիան քաղաքական ցնցումների շեմին

«Էրգենեկոնը» մի շարք ահաբեկչական գործողություններ եւ քաղաքական սպանություններ էր պատրաստում, այդ թվում Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի եւ որոշ քուրդ քաղաքական գործիչների սպանությունները: Դավադրության մասնակիցները մտադիր էին 2009թ. զինված պետական հեղաշրջում կատարել Թուրքիայի աջակենտրոն կառավարության դեմ: Ենթադրվում է, որ խմբավորման անդամներն են կանգնած հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության ետեւում: «Թուրքիայում տիրող անհանդուրժողականության մթնոլորտը քննադատության առարկա դարձավ Հ.Դինքի սպանությունից հետո: Դինքի սպանության մեղավորը «խորքային պետությունն է»: «Խորքային պետությունը» ընդհատակյա կազմակերպություն է եւ անվտանգության ու այն պաշտոնյաների մաս է կազմում, որոնք հստակորեն դեմ են Թուրքիայի ժողովրդավարացմանը: Դինքի սպանությունը ավելի բարդ էր, քան առանձին հանցագործություն եւ դարձավ Թուրքիայում վտանգավոր մտածելակերպի» արդյունքը»,-գտնում է Մինեսոտայի համալսրանի պրոֆեսոր, թուրք պատմաբան Թաներ Աքչամը, որ բնակվում է ԱՄՆ-ում:

Հավանաբար, քեմալականները որոշել են ռեվանշ վերցնել 2007 թվականի հուլիսի խորհրդարանական ընտրություններում պարտվելուց հետո, երբ Թուրքիայում իշխանության եկավ իսլամիստական Արդարության եւ զարգացման կուսակցությունը (ԱԶԿ): Նախկին նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերի օրոք վարչապետ Ռեջեփ Էրդողանի վարած քաղաքականությունը քննադատվում էր քեմալականների եւ զինվորականների կողմից: Բավական հաճախ նախագահն օգտվում էր իր վետոյի իրավունքից ԱԶԿ-ի առաջարկած օրենքների հարցում, որոնք այս կամ այն կերպ շոշափում էին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիմնադրած պետություն հիմքերը: Բնականաբար, այնպիսի երկրոմ, ինչպիսին Թուրքիան է, պետք է գոյություն ունենար մի կազմակերպություն, որը պայքարում է քեմալիզմը վերադարձնելու համար: Ըստ Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանի, «Էրգենեկոն» կազմակերպության գոյությունը «խորքային պետության» գոյության դրսեւորումներից մեկն է, որի նպատակն է պահպանել քեմալականությունը Թուրքիայում: «Ձերբակալվածները կապեր ունեին բարձր ոլորտներում, ներառյալ բանակը: «Թուրքիային ահաբեկչությունների ալիք է սպասում, սակայն, ես համոզված եմ, որ ձերբակալվածները ճյուղավորված կազմակերպության ստորին օղակն են կազմում: Այժմ նրանք սպառնում են հաշվեհարդար տեսնել Փամուկի եւ քրիստոնյաների հետ, 2 նպատակ հետապնդելով: Առաջինը, վախեցնել այլախոհներին, եւ երկրորդը` լարվածություն ստեղծել երկրում, ինչը առիթ կտա բանակի միջամտության համար»,-նշել է Սաֆրաստյանը: Վերադառնալով Փամուկին, հավելենք, որ Դինքի սպանությունից հետո նա լքել էր Թուրքիան եւ, հավանաբար, վերադառնալ դեռեւս չի պատրաստվում:

«Խորքային պետության» երեւույթը նոր չէ Թուրքիայի համար: Այդ ավանդույթը գալիս է երիտթուրքերից: 1908-1618թթ. Օսմանյան կայսրությունը փաստորեն կառավարում էր երիտթուրքերի կուսակցության ԿԿ-ն, որի անդամների անունները գաղտնի էին պահվում: Այդ «պետության» գագաթը կազմված է երկրի քաղաքական, ռազմական եւ գործարար շրջանակները ներկայացնող անձերից: Այդ մարդկանց անուններն անհայտ են, սակայն նրանք կարող են որոշումներ կայացնել եւ դրանք իրագործելու մեխանիզմներ ունեն: Այդ մարդկանց միավորում է քեմալական հանրապետության հիմքերի անձեռնմխելիությունը պահպանելու ձգտումը, որի հիմքը բացի կրոնի եւ պետության անջատ լինելուց, կազմում է նաեւ թուրքական ազգայնամոլության պետական գաղափարը: Թուրք հետազոտողները չեն բացառում, որ «խորքային պետությունը» որոշակիորեն ղեկավարում է նաեւ «գորշ գայլերի» շարժումը: «Այդ կապակցությամբ Դինքի սպանությունը պետք է դիտարկել այն հանցագործությունների շարքում, որոնք ազդեցություն կունենան ոչ միայն Թուրքիայի հանրային մթնոլորտի վրա, այլ նաեւ կօգտագործվեն տարբեր քաղաքական ուժերի կողմից սեփական շահերից ելնելով»,-գտնում է Արեւելագիտության ինստիտուտի տնօրենը: