Պաշտոնական Անկարայի տրամաբանությամբ, այն պետությունները, որոնք արդեն ճանաչել են Ցեղասպանությունը կամ պատրաստվում են դա անել, թուրք ազգի պոտենցիալ թշնամիներն են եւ, եթե նրա կամքը լիներ, կկանգնեին թուրքական դատարանի առջեւ 301-րդ հոդվածով: Թուրքիան մշտապես վախեցնում եւ օգտագործում է իր «անհրաժեշտությունն ու կարեւորությունը», ինչը հանգեցրեց նրան, որ ԱՄՆ Կոնգրեսն ու Իսրայելի Քնեսեթը արդեն երկրորդ տարին է վճռականություն չեն ունենում ճանաչելու համար Հայոց ցեղասպանությունը: Թեեւ ի պատիվ ամերիկացի օրենսդիրների պետք է խոստովանել, որ նրանք այդ առումով շատ առաջ են իսրայելցիներից: Եվ բանը բոլորովին էլ հայկական լոբբիի ճնշման մեջ չէ, այլ նրանում, որ ԱՄՆ-ն չափազանց հեռու է Մերձավոր Արեւելքից: Եվ ընդհանրապես, ԱՄՆ-ն մի քիչ այլ երկիր է:
Ապրիլի 24-ին Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) կայքում զետեղվել էր Ազատության արձանի լուսանկարը, որի բերանը փակված էր թուրքական դրոշով: ANCA-ն անց է կացնում «Դադարեցնել բերանները փակելու քաղաքականությունը» անվանումով ակցիա, ուղղված Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի ընդունմանը խոչընդոտելու Թուրքիայի փորձերի դեմ: «Թուրքական կառավարությունը, որն արգելում է խոսել Հայոց ցեղասպանության մասին իր պետության մեջ, արտահանում է այդ հակաժողովրդավարական արգելքը ԱՄՆ եւ վարում է «բերանները փակելու» քաղաքականություն այն կոնգրեսականների հանդեպ, որոնք քննարկում եւ հավանություն են տալիս 106-րդ բանաձեւին: Ինչպես ցույց է տալիս պատմությունը, ԱՄՆ-ն կարող է իր շահերն առաջ տանել միայն այն ժամանակ, երբ հստակ հավատարիմ է մնում ամերիկյան արժեքներին»,-ասվում է ANCA-ի հայտարարության մեջ: Այնպես որ Միացյալ Նահանգներին ավելի դյուրին է հակազդել Թուրքիայի ազդեցությանը:
Իսրայելի վիճակն ավելի բարդ է` նրա վրա ճնշում են գործադրում բոլորը, նույնիսկ ԱՄՆ-ն: Բոլորովին վերջերս Ջորջ Բուշը հայտարարեց, որ իր նպատակն է անկախ Պաղեստինի ստեղծումը: Իսկ Թուրքիան կարծես թե միշտ է դաշնակից եղել: Պարզվեց, որ ոչ այնքան հուսալի, ինչի մասին են վկայում վերջին իրադարձությունները: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հաստատեց այն Թուրքիայի միջնորդության փաստը Սիրիայի եւ Իսրայելի միջեւ: Թուրքական կողմը Իսրայելի ուղերձը փոխանցեց Սիրիային` խաղաղության դիմաց Գոլանի բարձունքները զիջելու պատրաստակամության մասին: Քաթարի «Ալ Վաթան» թերթին տված հարցազրույցում Ասադը հայտարարել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը «տեղեկացրել է նրան հանուն Սիրիայի հետ խաղաղության իր զորքրը Գոլանի բարձունքներից ետ քաշելու Իսրայելի պատրաստակամության մասին»: Ուղերձը փոխանցվել է Էրդողանին անցած շաբաթ նրա իսրայելցի գործընկեր Էհուդ Օլմերտի հետ: Հոդվածի մեկնաբանություններում ասվում է, որ Թուրքիան միջնորդական դեր է կատարում երկու պետությունների միջեւ նախորդ տարվա ապրիլից: «Ներկա փուլում մեր գլխավոր խնդիրն է ընդհանուր լեզու գտնել Թուրքիայի միջնորդությամբ»,-հայտարարել է Ասադը: Իր հերթին Օլմերտի մամլո քարտուղարը նույնպես հայտարարեց Իսրայելի վարչապետի բանակցություններին պատրաստ լինելու մասին: «Իսրայելը խաղաղության է ձգտում եւ Սիրիայի հետ խաղաղ բանակցությունների: Մենք գիտենք, թե ինչ է ակնկալում Սիրիան նման բանակցություններից, իսկ Սիրիան գիտի, թե ինչ ենք ուզում մենք»: Փաստորեն, Թուրքիան Իսրայելի ձեռքերով առավել սերտ կապեր է հաստատում արաբական աշխարհի հետ, որտեղ մերժում են հրեաների պետության գոյության իրավունքը: Թուրքիան մտադիր է առաջատարի դեր ստանձնել Մերձավոր Արեւելքում, դուրս մղելով ԱՄՆ-ին: Այնպես որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Իսրայելի վրա ճնշում գործադրելու հարմար միջոց է: Թուրքիայի դիրքորոշումը պարզ է. չեք քննարկի Քնեսեթում, մենք դեռ կմտածենք, արժե արդյոք ձեզ օգնել: Իսկ հակառակ դեպքում` կօգնենք մեր արաբ բարեկամներին վերադարձնել հողերը եւ, առաջին հերթին, Գոլանի բարձունքները:
«Եթե Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանության փաստը, դա դեռեւս չի նշանակում, թե Իսրայելի ժողովուրդը եւս չի ճանաչում Ցեղասպանությունը: Այստեղ զուտ աշխարհաքաղաքական հարցեր են»,-գտնում է Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնների ժողովարանի ներկայացուցիչ Մարսել Վեյլը: Նման կարծիք ունի նաեւ Ամերիկայի Հայկական համագումարի հասարակության հետ կապերի կոմիտեի նախագահ Էնթոնի Բարսամյանը, որը ԱՀՀ շրջանակներում աշխատում է ԱՄՆ-ի հրեական կազմակերպությունների հետ: «Հրեաների վերաբերմունքը Հայոց ցեղասպանության հարցին վերջերս էապես փոխվել է: Հրեաները արդեն չեն պնդում Հոլոքոսթի որպես համաշխարհային պատմության բացառիկությունը, նրանք ճանաչում են, որ հայերի զանգվածային սպանությունները Օսմանյան Թուրքիայում Ցեղասպանություն են: Ավելին, չկա ոչ մի լուրջ հրեա գիտնական, որը մերժում է Հայոց ցեղասպանությունը»,-ասել է Բարսամյանը:
Բոստոնում գործող Հասարակական կապերի հրեական խորհրդի գործադիր տնօրեն Նեսնի Քաուֆմանի խոսքերով, 20-րդ դարը մարդկության պատմության մեջ կմտնի որպես չարի ու բարու ժամանակ, որպես բազում փոփոխությունների շրջան, որպես ողբերգությունների ու բարեփոխումների շրջան: «Այդ դարի երկու առավել սարսափելի իրադարձություններն էին դարասկզբին թուրքերի գործած Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոսթը, որը դարի կեսերին կատարեցին նացիստները: Որպես հաջորդ սերունդների ներկայացուցիչների, մեր պարտքն է պատմել մեր նախնիների մասին, որոնք դարձան այդ ոճրագործությունների զոհը: Այդպիսով մենք վկայություններ ենք տալիս մեր ժողովրդների պատմության սեւ շրջանների մասին: Միայն դա անելով է, որ մենք կարող ենք համոզված լինել, որ մարդիկ երբեք դա չեն մոռանա եւ որ «այլեւս երբե’ք» կոչը չի մնա որպես ձայն բարբառո անապատի»,-ընդգծել է նա` ելույթ ունենալով Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատի շենքում` ի պաշտպանություն Հայոց ցեղասպանության հիշատակի եւ ճանաչման:
Աշխարհը փոխվում է, սակայն Թուրքիան համառորեն չի ցանկանում փոխվել նրա հետ միասին: Վաղ թե ուշ Անկարան ստիպված կլինի հաշտվել այն բանի հետ, որ նրա «բերանները փակելու եւ ձեռքերը ոլորելու» քաղաքականությունը հաջողություն չի բերի:





