Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Վրաստանի հայերը միշտ քվեարկում են իշխանությունների օգտին, ով էլ ընտրվելիս լինի: Ավելին, խորհրդարան անցած հայերը դառնում են Մ.Սահակաշվիլու քաղաքականության ամենանվիրյալ հետեւորդները եւ, հավանաբար, հենց այդ պատճառով է պատգամավոր Վան Բայբուրտը նշանակվել նախագահի խորհրդական: Ինչը, սակայն, ոչ մի կերպ չի անդրադառնում Վրաստանում հայերի վիճակի վրա, որոնք գնալով ավելի հաճախակի են հանդիպում անթաքույց վրացական շովինիզմի: Հատկապես դա զգացվում է կրթության ոլորտում, որտեղ հայկական դպրոցների ուսուցիչները, որոնք չեն տիրապետում վրացերենին, իրավունք չունեն աշխատել միջնակարգ դպրոցներում: Ճիշտ է, Ջավախքում այդ օրենքը դեռեւս չի կիրառվում, սակայն դա ժամանակի հարց է: Ջավախքի եւս մեկ լուրջ խնդիրը մեսխեթցի թուրքերի վերադարձն է: Ավելորդ չէ նշել, որ իրենց վրացիները մեսխեթցիներին իսլամ ընդունած վրացիներ են անվանում: Սակայն խնդիրը շատ սուր է դրված, եւ դա շատ լավ են հասկանում Թբիլիսիում:
«Մեսխեթցի թուրքերի վերադարձը Վրաստանում հայերի կոմպակտ բնակության վայրեր հղի են հեռուն գնացող բացասական հետեւանքներով, առաջին հերթին, հենց Թբիլիսիի համար: Ես ինչպես 10 տարի առաջ, այժմ էլ համոզված եմ, որ Եվրոպայի Խորհրդի պահանջը` մեսխեթցիներին Վրաստան վերադարձնելու մասին, ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Սակայն, ցավոք, մեզ վրա ճնշում են գործադրելու այդ հարցում»,-գտնում է վրաց փորձագետ Գիորգի Գովսաձեն: Ջավախքի բնակչությունը դեռեւս մի քանի տարի առաջ լրջորեն պատրատսվում էր մեսխեթների հնարավոր վերադարձին: Ըստ Ախալցիխեի հայ համայնքի ներկայացուցիչ Լյուդվիգ Պետրոսյանի, բախումներն անխուսափելի կլինեին եւ տարածաշրջանը կարող էր հայտնվել ազգամիջյան պառակտման եզրին: Սակայն վրաց իշխանությունները դեռեւս թույլ չեն տալիս մեսխերին բնակվել Սամցխե Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայաբնակ շրջաններում: Վերջինում, ի դեպ, մեծամասնությունը ադրբեջանցիներ են, սակայն նրանք էլ են դեմ մեսխեթցիների վերադարձին:
Մինչդեռ, ըստ ՀՅԴ Բյուրոի անդամ Հրանտ Մարգարյանի, հայկական պետությունը պետք է գործնականում օգտագործի իր հնարավորությունները միջազգային առումով Ջավախքի համար ինքնավարության հասնելու նպատալով: «ՀՅԴ-ն սատարում է ջավախահայերի պայքարին հանուն Վրաստանի կազմում ինքնավարության հաստատման: Մեր բարի կամեցողությունն ու տակտը այդ հարցում հանդիպում է լռության պատի` Թբիլիսիի եւ միջազգային հանրության կողմից: Հենց այդ պատճառով էլ ժամանակն է նոր ուժով սկսել պայքարն ինքնորոշման համար»,-ընդգծել է Մարգարյանը: Նման հայտարարություններ առաջին անգամը չէ, որ հնչում են, սակայն դրանք մնում են զուտ հայտարարություն: Վրաստանի եւ Հայաստանի լռությունն այդ հարցում կարելի է հասկանալ` Թբիլիսիին թվում է, թե նա կստանա երկրորդ Ղարաբաղ, Հայաստանն էլ չի ցանկանում զրկվել միակ ելքից դեպի աշխարհ, որն անցնում է Վրաստանով: Գուցե հենց դրանով է բացատրվում հայկական իշխանությունների եւ եկեղեցու դիրքորոշումը Վրաց Ուղղափառ եկեղեցու կողմից հայկական եկեղեցիների յուրացման առիթով: Վրաստանի հայ համայնքը եւ, մասնավորապես, Ջավախքի հասարակական կազմակերպությունները Հայաստանին մեղադրում են նրանում, որ Վրաստանում հայերի իրավունքները ոտնահարվում են: Գուցե, ինչ-որ տեղ նրանք իրավացի են: Սակայն կա մեկ այլ պետության ներքին գործերին չմիջամտելու հասկացություն: Իսկ սա հենց այդ դեպքն է: Ցանկացած դեպքում նման տիպի հարցերում մեղավոր են երկու կողմերը: Վրաստանի հայերը, որ դարեր շարունակ հսկայական ներդրում են ունեցել երկրի մշակույթի եւ արդյունաբերության մեջ, ոչնիչ չարեցին պաշտպանելու համար իրենց իրավունքները:
Նորաշենի եւ Խոջիվանքի համար պետք էր պայքարել այն ժամանակ, երբ սկսեցին դուրս գալ վրաց պատմաբան Բոնդո Արվելաձեի գրքերն այն մասին, որ «ոչ թե վրացիներն են յուրացրել հայկական եկեղեցիները, այլ հակառակը»: Կամ այն ժամանակ, երբ Վրաստանի միջնակարգ դպրոցների պատմության դասագրքերում հայերի մասին խոսվում է գրեթե ինչպես վրաց ազգի թշնամիների մասին: Համայնքը լռում էր, վրաց պատմաբաններին հակահարված էին տալիս Հայաստանի գիտնականները:
Վերադառնալով Ջավախքի իրավիճակին` նշենք, որ տարածաշրջանի հայերը գտնում են, որ վրացական կառավարությունը գաղտնի պլաններ ունի հայկական տարածաշրջանի բնակչության խտությունը նվազեցնել ասիմիլյացիայի կամ հայերի դուրս մղման ճանապարհով: Թեեւ նախագահ Սահակաշվիլին Ջավախք այցելելիս ասում է այն մասին, որ Վրաստանը հավասարապես պատկանում է նրա բոլոր քաղաքացիներին, անկախ ազգությունից:





