AM
24 Մայիս 2008 - 14:11 AMT

ԼՂՀ ներկայացուցիչների բացակայությունը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ընթացող բանակցություններին չի հանգեցնի խնդրի լուծման

Բուն Ղարաբաղում առաջին իսկ օրվանից այդ հակամարտությունն անվանում են ղարաբաղա-ադրբեջանական, արդարացիորեն համարելով, որ Հայաստանն ուղղակի շահագրգիռ կողմ է, որը հանդես է գալիս որպես ԼՂՀ անկախության եւ անվտանգության երաշխավոր: Բազմիցս արդեն ասվել է, որ ԼՂՀ ներկայացուցիչների բացակայությունը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ընթացող բանակցություններին չի հանգեցնի խնդրի լուծման: Թեեւ, եթե մտածենք, ոչ մի որոշում էլ չկա` ԼՂՀ ժողովուրդը զենքը ձեռքին պաշտպանեց իր անկախության իրավունքը, եւ հավանական խաղաղ պայմանագիրը ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ ուղղակի պետք է գրանցի ստատուս-կվոն: Բնականաբար, նման տիպի պայմանագիրը չի կարող ձեռք տալ Ադրբեջանին: Բաքվում այնքան են խոսել «ցանկացած, նույնիսկ ռազմական գնով իրենց հողերը վերադարձնելու մասին», որ դարձել են սեփական ճարտասանության պատանդները: «Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է խնդրի կիրառման նաեւ այլ տարբերակների»,-նախօրեին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Վագիֆ Սադիխովը` հավելելով, որ Ադրբեջանը չի պատրաստվում տասնամյակներ շարունակ հանդուրժել ստեղծված իրավիճակը:

Նրա խոսքերով, Ադրբեջանը, որը հաջողությամբ զարգացնում է իր տնտեսությունը եւ մեծ շահույթներ է ստանում էներգետիկ նախագծերի իրագործումից եւ համաշխարհային շուկա սեփական էներգառեսուրսների առաքումից, ստիպված է ֆինանսական մեծ միջոցներ ծախսել ռազմական կարիքների համար: Սակայն իրո՞ք Ադրբեջանն այդքան հաջողակ է, ինչպես դա ներկայացնում են Բաքվի իմիջմեյքերները նախագահ Իլհամ Ալիեւի գլխավորությամբ: «Նորություններ» գործակալության ԱՊՀ եւ Բալթիայի երկրների գլխավոր տնօրինության ղեկավար Ալան Կասաեւի կարծիքով, Ադրբեջանն այժմ ներդրումային գրավչության իմիջ է ստեղծում իր համար` փորձելով լուծել իր խնդիրներն Իրանի հետ, որոշել Կասպից ծովի կարգավիճակը: «Նախընտրական իրավիճակն Ադրբեջանում բարդացնում է երկրի ներքին անկայունությունը: Հենց դա էլ հանդիսանում է հակահայկական եւ բացահայտ ռազմատենչ հռետորության հիմնական պատճառը, ինչն իշխանությունները օգտագործում են ազգի միավորման համար: Սակայն պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանի բնակչության 60-70 տոկոսը գյուղաբնակներ են, հաճախ անգրագետ: Ընդհանուր առմամբ Ադրբեջանը թույլ զարգացած եւ ոչ այնքան կրթված երկիր է, որ ապրում է նավթային եկամուտների հաշվին, որոնք վաղ թե ուշ կսպառվեն: Երկրում չի զարգանում գյուղատնտեսությունը, չկա արդյունաբերություն, բացառությամբ Բաքվի նավթավերամշակման գործարանների: Սակայն չէ որ ողջ բնակչությունը չի կարող բնակություն հաստատել մայրաքաղաքում: Այնպես որ թշնամու ակտիվորեն ստեղծվող կերպարը հանրության համախմբման տարրերից մեկն է»,-ընդգծել է ռուս փորձագետը:

Իսկ ռուս դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովի խոսքերով, որը կարգավորման գծով գլխավոր փորձագետներից մեկն է, ոչ մի երկիր այնքան չի բարձրաձայնում, որ ապավինում է ուժին, որքան Բաքուն: Պատահական չէ, հավանաբար, որ Ադրբեջանը ճանաչվել է աշխարհի ամենաագրեսիվ պետություններից մեկը:

Ներկայումս ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչումը դժվարացել է Կոսովոյի միջադեպի պատճառով: «Կոսովոյի ճանաչումից հետո միջազգային կարծիքը տրամադրված է ինքնորոշման իրավունքի դեմ: Ամենուր, բոլոր մակարդակներով հայտարարվել է, որ Կոսովոն չպետք է նախադեպ դառնա, եւ դա ուղղակի խոսքեր չեն, այլ համաշխարհային հանրության տրամադրվածությունը: Դա մեծ խոչընդոտ կդառնա մեր ճանապարհին: Բացի այդ, հակասությունների խորացումը ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ անպայմանորեն եւ բացասաբար կանդրադառնա մեր տարածաշրջանի վրա: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ այժմ բանակցությունների սեղանին դրված փաստաթուղթն առավել օպտիմալն է, եւ հուսով եմ, որ Ադրբեջանը չի հրաժարվի դրանից»,-Ստեփանակերտում հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որը 10 տարի բանակցել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում:

Մինչդեռ, ԵԱՀԿ ՄԽ-ն լուրջ մտավախություններ ունի, որ բանակցությունները կարող են տապալվել եւ դրանով վերջ դրվի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն: «Սակայն ԵԱՀԿ այդ մտավախությունները ցրվեցին Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների, ինչպես նաեւ երկու հակամարտող կողմերի պաշտոնյաների հետ հանդիպումից հետո: Ներկայումս բանակցություններն ընթանում են Լեռնային Ղարաբաղի անվտանգության գոտին կազմող հինգ շրջանների վերադաձման շուրջ: Դրանից հետո ԵԱՀԿ-ն առաջարկում է որոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Հինգ շրջանները վերադարձնելուց հետո, Ղարաբաղը պատրաստ է բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ կարգավիճակի վերաբերյալ»,-ասել է Ֆասյեն: