Համաշխարհային ԶԼՄ-ները միանգամայն լրջորեն գրում են Կովկասում Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ նոր պատերազմի հնարավորության մասին: Սակայն դեռեւս ոչ ԱՄՆ պետքարտուղարը, ոչ «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի բարեկամները» ի զորու չեն որեւէ բան անել` Վրաստանն ու Ռուսաստանը կոշտ հայտարարություններ են փոխանակում, եւ պատերազմի սպառնալիքն աճում է: Պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը մեղադրել է Ռուսաստանին իրավիճակը տարածաշրջանում ապակայունացնելու մեջ եւ ժամանել է Թբիլիսի չգիտես Միխաիլ Սահակաշվիլուն սատարելու, թե Ռուսաստանին հետագա քայլերից զերծ պահելու նպատակով: Եթե հավատանք չճանաչված Աբխազիայի նախագահ Սերեգեյ Բաղապշին, ապա Վրաստանն, իր հերթին, դիվանագիտական ջանքերի հետ մեկտեղ ծրագրում է Աբխազիայի հնարավոր զավթումը: «Մի քանի ահաբեկչական գործողությունները կրկին հաստատեցին, որ ինքնավարությունը վրացական ենթակայությամբ անընդունելի է»,-հայտարարել է նա:
Մինչդեռ Ռուսաստանը խոստովանել է, որ իր ինքնաթիռները թռել են Վրաստանի վրայով, նշում է Financial Times-ը: Հուլիսի 10-ին Մոսկվան խոստովանեց, որ իր կործանիչները թռել են Հարավային Օսիայի վրայով Քոնդոլիզա Ռայսի Թբիլիսի կատարած այցից ընդամենը մի քանի ժամ առաջ: Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ թշնամանքի տարիների ընթացքում առաջին անգամ Ռուսաստանը նման խոստովանություն արեց, թեեւ Վրաստանը նախկինում եւս բազմիցս մեղադրանքներ էր առաջ քաշել, ասելով, որ ռուսական ինքնաթիռները թռչում են Վրաստանի տարածքով: «ՌԴ արտգործնախարարի այդ հայտարարությունը հակամարտության հերթական սրումն է, որում Ռուսաստանը սատարում է Հարավային Օսիային եւ Աբխազիային, մասնակիորեն արեւմտամետ Մ.Սահակաշվիլու վրա ճնշում գործադրելու ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի փորձերը կասեցնելու համար»,-նշում են վերլուծաբանները:
Ամերիկացի պաշտոնյաները, որ ուղեկցում են Ռայսին, ասել են, որ Վաշինգտոնը պնդում է, որ բանակցություններ սկսվեն վրաց-աբխազական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի ու Վրաստանի, ինչպես նաեւ աբխազ անջատողականների մասնակցությամբ: Իր հերթին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե Վրաստանի միացումը ՆԱՏՕ-ին անդամակցելուն ուղղված Գործողությունների ծրագրին կարող է խաչ քաշել Աբխազիայում եւ Հարավային Օսիայում հակամարտությունների կարգավորման վրա:
Քոնդոլիզա Ռայսի ու Միխաիլ Սահակաշվիլու համատեղ մամլո ասուլիսում, ԱՄՆ-ի պետքարտուղարը կոչ արեց Ռուսաստանին նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ռուսաստանը պետք է դառնա որոշման մի մասը, խնդրի մի մաս հանդիսանալու փոխարեն, հանդիմանանքով հայտարարել է Ռայսը: «Հարկավոր է վերջ տալ բռնությանը, կարեւոր չէ, թե ումից է այն գալիս»: Սա նա հասցեագրեց նաեւ Սահակաշվիլուն:
Վրաստանը Ռուսաստանի համար չափազանց կարեւոր է, հենց այնպես այն ՆԱՏՕ-ին զիջելու համար: Մոսկվան կպայքարի մինչեւ վերջ, եւ եթե պահանջվի, նույնիսկ կարող է ուժ կիրառել: Ռուսաստանը հզոր լծակ ունի, որը գնալով առավել հաճախ է սկսել օգտագործել Եվրոպայի հետ հարաբերություններում` էներգետիկ շանտաժը: Ներկա պայմաններում սա ամենագուրծուն զենքն է: Իսկ Վրաստանը հայտնվել է աներանելի վիճակում` նա չի կարող լիովին հույսը դնել Ադրբեջանի վրա գազի առաքման հարցում, Իրանի վրա եւս, քանի որ վերջինս չի առճակատվի Ռուսաստանի հետ Վրաստանի պատճառով: Վրաստանը կարեւոր է Ռուսաստանի համար նաեւ այն պատճառով, որ գտնվում է երեք հումքային երկրների` Ադրբեջանի, Թուրքմենստանի եւ Ղազախստանի հատման վայրում: Ռուսաստանն ուղղակի չի կարող նրան ՆԱՏՕ թողնել:
Հավանաբար, Թբիլիսին մինչեւ վերջ կպայքարի հուսալով, որ ԱՄՆ-ն նրան միայնակ չի թողնի Ռուսաստանի հետ: Նրանից, թե ինչով կավարտվի ռուս-վրացական հակամարտությունը, կարող է կախված լինել ողջ տարածաշրջանի ճակատագիրը:
Մինչդեռ, Վրաստանը հրաժարվեց մասնակցել վրաց-հարավօսական հակամարտության կարգավորման խառը հսկիչ հանձնաժողովի նիստին: «Ռուսական կողմը հակամարտության գոտում իրավիճակի սրման պատճառով առաջարկեց հուլիսի վերջին Մոսկվայում այդ հանձնաժողովի համանախագահների նիստ անցկացնել, որի ժամանակ նախատեսվում էր քննարկել վստահության միջոցները, ինչպես նաեւ հակամարտության գոտում ՌԼԿ-ի տեղակայման հարցը, որը եռակողմ կիրառման կլիներ: Բոլոր կողմերը հավանություն տվեցին այդ նախաձեռնությանը: Վրաստանը հրաժարվեց»,-հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Յուրի Պոպովը:
Պաշտոնական Թբիլիսին ավելի վաղ բազմիցս հայտարարել է, որ անարդյունավետ է համարում աշխատանքը հանձնաժողովի շրջանակներում եւ պնդում է, որ բանակցությունների ձեւաչափը փոխվի:





