AM
6 Սեպտեմբեր 2008 - 11:48 AMT

Ադրբեջանը, կարծես, Հռոմի պապից ավելի կաթոլիկ է ցանկանում երեւալ

Այն, որ տարբեր քաղաքական եւ հասարակական գործիչների հայտարարություններն արվում են «վերեւից» ստացած հավանությամբ, կասկած չկա, քանի որ Ադրբեջանում բացարձակապես ամեն ինչ վերահսկվում է Ալիեւների կլանի կողմից: Այդ կապակցությամբ հատկանշական է այն, որ չգիտես ինչու լռում է Իլհամ Ալիեւի գաղափարախոս փոխարտգործնախարար Արազ Ալիեւը: …Փոխարենը խոսում են «հայտնի ադրբեջանցի քաղաքագետներ», մասնավորապես, Ռասիմ Աղաեւը: Ա.Գյուլի «ֆուտբոլային դիվանագիտությունը» ցույց տվեց, որ Թուրքիան վարում է միակողմանի զիջումների քաղաքականություն: Օրինակ, Հայաստանը չընդունեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի առաջարկը հայ-թուրքական խումբ ստեղծելու վերաբերյալ, որը պետք է հետազոտություններ կատարեր արխիվներում եւ կոնկրետ պատասխան տար հայոց «ցեղասպանության» մասին հարցին: Թուրքիային Հայաստանի հետ մերձեցման գնալու են դրդում նաեւ ներքաղաքական գործոնները: Էրդողանի կառավարությունը ձգտում է որքան կարելի է շատ համակրանք ստանա Արեւմուտքից եւ այդպիսով ամրապնդի իր դիրքերը երկրի ներսում»,-գտնում է Աղաեւը:

Սակայն, հավանաբար, բոլորից հեռուն գնաց Ադրբեջանի Ժողովրդավարական կուսակցության նախագահ Սարդար Ջալալօղլուն, հայտարարելով, թե «պատմության ողջ ընթացքում Թուրքիան բացառապես այն քաղաքականությունն է վարել, որը ձեռնատու է իրեն»: Տարօրնակ է, միթե կա աշխարհի երեսին մի երկիր, որն այլ սկզբունքներով է ղեկավարվում: Հետաքրքիր տրամաբանություն է` ստացվում է, որ Անկարան պետք է զոհաբերի իր շահերն ի օգուտ Ադրբեջանի, որը չգիտես ինչու լրջորեն ընկալեց Էլչիբեյի եւ Հեյդար Ալիեւի խոսքերն «մեկ ազգի եւ երկու պետությունների մասին»: Մի կողմ թողնենք ադրբեջանցի «վերլուծաբանների» մտորումներն այն մասին, թե ինչ պատիժ կարող է Թուրքիայի համար սահմանել «ինքնիշխան ու անկախ Ադրբեջանը»: Ոմանք հասնում են նույնիսկ թուրքական ապրանքների ներմուծումն արգելելու եւ թուրքական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու մասին առաջարկներին: Ի դեպ, ավելորդ չէ հիշեցնել, որ երբ Բաքուն կարծես թե քննադատում էր Քրդական աշխատավորական կուսակցության գործողությունները, հազիվ թե նա ի շահ Թուրքիայի էր գործում: Ուղղակի այնտեղ չցանկացան ետ մնալ Եվրոպայից ու ՆԱՏՕ-ից: Միթե Բաքվում իրոք կարծում էին, թե Թուրքիան Ադրբեջանի երաշխավորը կլինի գոնե Լեռնային Ղարաբաղի հարցում: Նման պարզամտությունը զարմացնում է` մեծ հաշվով Թուրքիայի համար միեւնույն է, թե ինչ լուծում կստանա ղարաբաղյան հակամարտությունը, նրա համար գլխավորը տարածաշրջանային տերության կարգավիճակին հասնելն է եւ այդ ճանապարհին բոլոր միջոցներն են լավ: Եվ եթե դրա համար նույնիսկ հարկավոր լինի այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Անկարան նույնիսկ դրան կգնա: Եվ եթե հարկավոր լինի, Թուրքիան կարող է տեսականորեն ապագայում դեմ քվեարկել Ադրբեջանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին:

Սակայն Բաքուն ոչ միայն դրանից է վախենում: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ եթե չլիներ թուրքական համայնքը նույն ԱՄՆ-ում, ադրբեջանցիներն այնտեղ ոչինչի չէին կարողանա հասնել: Միակ վայրը, որտեղ գոյություն ունի ադրբեջանական համայնք, դա Ռուսաստանն է, սակայն այնտեղ եւս նա բացառապես զբաղված է բիզնեսով, ընդ որում հայերի հետ, եւ ամենից քիչ է հետաքրքրվում քաղաքականությամբ: Իսկ Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսը բացառապես պետական սուբսիդիաներ բաժանելով է զբաղված: Այնպես որ Բաքվի մտավախությունները ավելի քան հիմնավորված են: Ավելին, այնտեղ ոչ մի կերպ չեն ցանկանում հասկանալ, որ Ադրբեջանի նշանակությունը տարածաշրջանում պայմանավորված է բացառապես էներգակիրներով եւ էլ ոչինչով: Ճիշտ է, ԱՄՆ-ն որոշ հույսեր ունի, որ Բաքուն երես կթեքի Ռուսաստանից, սակայն դա արդեն իրոք երեւակայության ոլորտից է:

Իր հերթին, Թուրքիայի ադրբեջանական կազմակերպությունների դաշնությունը` ԹԱԿԴ հանդես եկավ հայտարարությամբ սեպտեմբերի 6-ին Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ ֆուտբոլային խաղը դիտելու նպատակով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Երեւան կատարած այցի վերաբերյալ: «ԹԱԿԴ-ն դեմ չէ Երեւանում կայանալիք խաղին Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ: Սակայն մենք գտնում ենք, որ ոչ մի գաղափար չի կարող վեր լինել Թուրքիայի ամբողջականությունից: Աբդուլլահ Գյուլի այցը Երեւան չի համապատասխանում մեր Թուրքիայի բարձր շահերին»,-ասվում է հայտարարության մեջ: