«Նախադեպ» տերմինը հիմնավոր կերպով ընդգրկվեց դիվանագետների եւ քաղաքական գործիչների բառապաշարում Կոսովոյի անկախության ճանաչումից անմիջապես հետո եւ, հավանաբար, դեռեւս երկար կկիրառվի տեղին ու անտեղի: Այս դեպքում, Ղարաբաղի եւ Մերձդնեստրի հակադրումը Հարավային Օսեթիային ու Աբխազիային, իսկ ավելի վաղ` Կոսովոյին, ուղղակի անընդունելի է: Պատճառը շատ պարզ է` ոչ Ղարաբաղ, ոչ Մերձդնեստր Ռուսաստանն իր զորքերը մտցնել չի կարող իրենից անկախ տարբեր պատճառներով: Հաշվի է առնվում նաեւ այն, որ ԼՂՀ-ի եւ Մերձդնեստրի բնակչությունը չի ցանկանում լինել որեւէ մեկի հովանավության տակ, լինի դա Հայաստանը, թե Մոլդովան: Սակայն Ռուսաստանին ակնհայտորեն դուր է եկել միջամտությունը համաշխարհային քաղաքականությանը եւ որոշեց, որ կարող է իր պայմանները թելադրել: Թեեւ այդ ցանկության մեջ նա միայնակ չէ` նույն կերպ է վարվում ԱՄՆ-ն: Միակ բանը, որտեղ համընկնում են գերտերությունների կարծիքները, դա «նախադեպի անթույլատրելիությունն է», որը եղել է միշտ եւ ամենուր, այլ ոչ միայն 21-րդ դարում: Կարելի է ասել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին նախադեպը սահմանների անխախտելիության մասին Յալթայում ստորագրված պայմանավորվածության խախտումն էր, որոնք 1991թ. բոլորովին չէին համապատասխանում 1945թ. մոդելին: Հետպատերազմյան Եվրոպայի սահմանները, որ գծված էին ըստ ազդեցության գոտիների եւ ուղղակի քմահաճույքի, ընդհանուր ոչ մի բան չունեին իրական վիճակի հետ: Այդ սահմանները միայն ամրագրեցին Գերմանիայի հանդեպ տարած հաղթանակը: Նույնը կարելի է ասել ԽՍՀՄ ներքին սահմանների մասին` կամայական կերպով գծված, դրանք դարձան ներկա եւ գուցե ապագա հակամարտությունների աղբյուր հետխորհրդային տարածքում: Իսկ եթե դա այդպես է, ապա ՌԴ ԱԳՆ ղեկավարի հայտարարությունները, ինչպես նաեւ ԱՄՆ պետքարտուղարինը, ոչ այլ ինչ են քան խորամանկություն եւ կեղծավորություն:
«Ռուսաստանն ակտիվորեն կաջակցի ԱՊՀ տարածքի բոլոր հակամարտությունների լուծմանը` միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության բոլոր սկզբունքների հարգման, ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների, հակամարտության մեջ ներքաշված կողմերի միջեւ համաձայնության որոնման հիման վրա: Պատասխանատվորեն կիրագործենք մեր միջնորդական առաքելությունը բանակցային գործընթացում, դա լիովին վերաբերվում է Մերձդնեստրին ու Լեռնային Ղարաբաղին: Ամենուրեք կան իր առանձնահատկությունները, միջնորդության սեփական ձեւաչափերն ու մեխանիզմները: Սակայն հարավօսական ճգնաժամը նրանց համար ոչ մի նախադեպ չի ստեղծում»,-հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, ելույթ ունենալով Դաշնության Խորհրդում:
Հավանաբար, Լավրովի հայտարարությունները թելադրված են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Մոսկվա կատարած վերջին այցով: Ճիշտ է, հազիվ թե Մոսկվան ռեվերանսներ անի Բաքվի կողմը, սակայն հավելյալ աջակցությունը երբեք ավելորդ չէ: Առավել եւս, որ Ադրբեջանն իր խնդիրները որպես հաղթաթուղթ է օգտագործում սակարկության համար: Ըստ ռուս վերլուծաբանների, Բաքուն սառը ընդունելություն է ցույց տալիս ամերիկացիներին, հասկացնելով, որ իր բարեհաճության գինն աճել է: Նա ուշադիր հետեւում է հայ-թուրքական մերձեցմանը, եւ նրան ձեռնատու են Թուրքիայի փորձերը` լցնել այն դատարկությունը, որն արդեն շատ տարիներ է ինչ մարմնավորում է ԵԱՀԿ ՄԽ-ն, նույնիսկ առանց հաջողության: Եվ Բաքուն հիանալի գիտի, որ իրավիճակի իր տեսլականը չափազանց հետաքրքրական է Մոսկվայի համար:
«Ադրբեջանը տարածաշրջանում անորոշության հիմնական գործոններից մեկն է, եւ Բաքվի չեզոքությունից բացի, ավելինի ոչ ոք չի էլ հավակնում: Ընդ որում բոլորը, առաջին հերթին Բաքուն, հիանալի գիտեն, որ չեզոքությամբ եւս կարելի է բավական հաջող եւ տեւական ժամանակ սակարկություն անել»,-նշում է gzt.ru-ն:
Մինչդեռ, ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ուիլյամ Բըրնսի խոսքերով, ԱՄՆ-ն մտադիր է կրկնապատկել ջանքերը` Հարավային Կովկասում լարվածության նվազեցման եւ հակամարտությունների կարգավորման համար: «ԱՄՆ-ն ամեն ինչ կանի, կոչ անելու համար ղարաբաղյան հակամարտության կողմերին հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շարունակելու իրենց պատրաստակամությունն հայտնելու համար: «Մենք կանենք հնարավորը ղարաբաղյան հակամարտության արդարացի եւ վերջնական լուծման համար»,-ընդգծել է պետքարտուղարի տեղակալը, հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո ծառայությունը:
Այս ամենի մեջ միակ դրականն այն է, որ, ինչպես մենք բազմիցս ընդգծել են, ԼՂՀ ժողովրդին ոչ մի «արդարացի» կարգավորում հարկավոր չէ:





