Մի շարք փորձագետների կարծիքով, տպավորություն է ստեղծվել, որ Հայաստանը ստորագրել է երկրորդ «ճանապարհային քարտեզը», բայց այս անգամ Ղարաբաղի առնչությամբ: Իրադրությունը փոքր-ինչ լիցքաթափել է Ֆրանսիայի արտգործնախարար Բերնար Քուշները` հայտարարելով, որ բանակցությունները բարդ ընթացք են ունեցել: «Բազմաթիվ տարաձայնություններ կան կողմերի միջեւ: Յուրաքանչյուրն իր գիծն է տանում եւ միեւնույն սյուժեներին տարբեր կերպ է արձագանքում: Սակայն հարկավոր չէ թեւաթափ լինել, առջեւում դեռ երկար աշխատանք է սպասվում նախագահներ Ալիեւի եւ Սարգսյանի միջեւ», – ընդգծել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը: Իսկ Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովն ու Էդվարդ Նալբանդյանը հրաժարվել են լրագրողներին մեկնաբանել հանդիպման արդյունքները: Շատ հավանական է, որ Բրայզան մի քանի օրից կհրաժարվի իր խոսքերից, հայտարարելով, որ «իրեն սխալ են թարգմանել…»: Դա արդեն սովորական երեւույթ է:
Այստեղ տեղին է նշել, որ նախքան հանդիպումը լուրեր էին պտտվում, ընդ որում չափազանց հավաստի, որ հանդիպումը կարող է չկայանել: Պատճառը նույնպես պարզ է` ԱՄՆ-ը չի կարողացել հարկ եղածին պես ճնշում գործադրել երկու կողմի վրա էլ, որպեսզի վերջիններս համաձայնեն ստորագրել հերթական «ճանապարհային քարտեզը», այս անգամ` ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Կրկնում ենք, որ այս ամենը ենթադրություններ եւ դիտարկումներ են, որոնք, վերջին ժամանակներս, սկսել են իրականանալ, եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մասամբ: Պրահայում, մինչ այդ նաեւ Երեւանում ՍԾՏՀԿ գագաթնաժողովի ժամանակ կայացած հանդիպումների դեպքում հենց այդպես էլ եղավ: Հայ եւ ադրբեջանաթուրքական հասարակության համար այդ բոլոր գագաթնաժողովները միայն մեկ հարցով են հետաքրքիր. որքանով է հնարավոր առաջ տանել սեփական շահերը դիվանագիտական կամ այլ ճանապարհով, սակայն չդիմելով ուժային մեթոդների: Այլ կերպ ասած, որքանով են հակամարտող կողմերը ենթակա ճնշման դրսից: Ընդ որում, բացարձակապես նշանակություն չունի, թե ով է ճնշում գործադրում` ԱՄՆ-ը, թե Ռուսաստանը: Հարավային Կովկասի տարածաշրջանում, ինչքան էլ որ տարօրինակ թվա, Վաշինգտոնի եւ Մոսկվայի դիրքորոշումները համընկնում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում: ԱՄՆ-ի նոր վարչակազմը դեռեւս վստահություն ձեռք չի բերել, իսկ Ռուսաստանը վերջին 20 տարիների ընթացքում ոչ մի քաղաքականություն չունի Կովկասում, այլ կա միայն եղածը պահելու ցանկություն, իսկ մնացել է միայն Հայաստանը, որն ավելի ու ավելի հաճախ է դեպի Արեւմուտք նայում: Նման պայմաններում ոչ ոք չի կարգավորի ղարաբաղյան հակամարտությունը, առավել եւս երբ կարգավորելու գրեթե ոչինչ չկա: Հայաստանի ոչ մի նախագահ, եթե իրեն կյանքը թանկ է, մահաբեր պայմանագիր չի ստորագրի Բաքվի հետ, որի պտուղը կքաղի առաջին հերթին Թուրքիան, հետո միայն մյուս տերությունները: Եվ դա բոլորը գիտակցում են: Կարելի է, ինչպես եւ հայ-թուրքական համաձայնագրի ստորագրման դեպքում, հետեւություններ, կանխատեսումներ անել, սակայն նամն դեպքերում երբեք ավելորդ չէ հիշելը, որ Հայստանը ոչ մի փաստաթուղթ չի ստորագրի առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության: Համենայն դեպս, այդպես է միշտ ասում պաշտոնական Երեւանը:
Սակայն տարօրինակ բան է ստացվում. երկու «ճանապարհային քարտեզները, իբր ստորագրվում են հենց այն օրերի նախօրեին, որոնք Հայաստանի եւ հայ ժողովրդի համար ճակատագրական են ինչպես ողբերգական, այնպես էլ հերոսկան առումով` ապրիլի 24-ին եւ մայիսի 9-ին: Ինչպես հայտնի է, պատմության մեջ պատահականություններ չեն լինում, դրանք պարզապես լավ նախապատրաստված են: Ողջ խնդիրը նրանում է, թե որքանով էին Հայաստանն ու վերջինիս ղեկավարությունը տեղյակ այդ «պատահականությանը»: Տվյալ հարց բավականին կարեւոր է, եթե հաշվի առնենք տարածաշրջանում ստեղծված բավականին բարդ իրավիճակը: Ինքներդ տեսեք. մշտապես անկայուն Վրաստանը, որն այդպես էլ պետություն չդարձավ, բնական պաշարներ ունեցող սուլթանատը (Ադրբեջան), որը հենց այդ պատճառով ամենավտանգավորն ու առավել խոցելի է, Թուրքիան, որն ինքնին արդեն վտանգավոր է եւ Իրանը, առանց որի Հայաստանն իսկապես չի գոյատեւի, քանի որ այլ հավասար պայմաններում, Թեհրանն ավելի ու ավելի է հակվում «անհավատներին» աջակցելուն, քա սունիներին եւ անհասկանալի վրացիներին: Այդպես էլ ստացվում է, որ ցանկացած, նույնիսկ հպանցիկ ասված խոսքը ոչ միանշանակ, նույնիսկ ոչ համարժեք արձագանք է ստանում Հայաստանում եւ ԼՂՀ-ում: Ցավոք, հերթական անգամ համոզվում ենք, որ հայ դիվանագիտությունը ներկայումս լավագույն վիճակում չէ: Հայոց ցեղասպանության ճանաչումը շատ կարեւոր եւ անհրաժեշտ է, սակայն այն դարձնելն արտաքին քաղաքականության հիմքերից մեկը, այնքան էլ խելամիտ չէ: Պետության գերակայությունները պետք է հիմնվեն տարածաշրջանի իրողությունների վրա, եւ հարկ չկա ասելու, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ ինչ-որ բան կփոխվի: Ոչինչ չի փոխվի, կարող է նույնիսկ ավելի վատ լինել, թեեւ ավելի վատ չի լինում: Ազգային գաղափարի բացակայության պարագայում, որի մասին խոսում են արդեն երկրորդ տասնյակ տարին, ցանկացած, նույնիսկ ամենափոքր հաղթանակը դիվանագիտության ասպարեզում կարող է որպես պարտություն ընկալվել, քանի որ այն աննպատակ է, եւ միայն ինքնասիրությանն է հագուրդ տալիս:
Դե, իսկ ինչ վերաբերում է «Արեւելյան գործընկերությանը», ապա միակ բանը, որը կարող է գրավել Հայաստանին` դա ծրագրին մասնակից երկրի «տարածքային ամբողջականության» մասին դրույթի բացակայությունն է:
Կարինե Տեր-Սահակյան





