AM
17 Նոյեմբեր 2009 - 18:06 AMT

Տարածաշրջանում ու՞մ է ձեռնտու «Վերին Լարս» ՀԱԿ բացումը

Ճիշտ է, տնտեսության հարցերով փորձագետ Գիա Խուխաշվիլու կարծիքով, Թբիլիսիի կողմից «Կազբեգի» անվանված «Վերին Լարս» ՀԱԿ բացման հարցում Վրաստանի շահերը հաշվի չեն առնվել եւ այդ որոշմամբ Վրաստանը միայն մյուսներին է օգնում:

«ՀԱԿ բացման փոխարեն վրացական կողմը պետք է իր պայմաններն առաջադրեր եւ առավելապես պաշտպաներ սեփական շահերը: Մասնավորապես, ՀԱԿ բացումը վրացական կողմի համար իմաստ կունենար, եթե ռուսական շուկան բացվեր վրացական արտադրության համար եւ վրացական կողմից բնակչության տեղաշարժը հեշտացվեր: Քանի դեռ ռուսական կողմից վրացական արտադրության վրա էմբարգո է գործում, իսկ վրացի քաղաքացիների համար` անցագրային ռեժիմ, ՀԱԿ բացումն աշխատելու է միայն մեկ ուղղությամբ` Հայաստանի, իսկ Վրաստանի տնտեսության ու սոցիալական սեգմենտի համար պակաս գործող է լինելու: Ընդհանուր առմամբ, ես դեմ չեմ ՀԱԿ բացմանը, սակայն, հաշվի առնելով այն փաստը, որ այդ դեպքում Վրաստանի շահը զրոյի է հավասար եւ վրացական կողմը ոչ մոկից զգոն քայլեր չի պահանջում Լարսի բացման փոխարեն, իհարկե ես չեմ կարող ողջունել դա»,- հայտնեց Խուխաշվիլին, գրում է Civil.ge-ն:

Արդյոք «Վերին Լարսը» լիարժեք գործելու է, թե ոչ` ըստ էության ոչ մեկին չի հետաքրքրում, բացի Հայաստանից, որին իսկապես հարկավոր է այդ ճանապարհը: Բայց թե որքան է հարկավոր եւ ինչպես է այն աշխատելու, առայժմ հայտնի չէ, եթե հաշվի առնենք, որ փոխադրելու համար, միեւնույն է, հարկ է լինելու վճարել Վրաստանին, իսկ միգուցե նաեւ Ռուսաստանին: Այնպես որ Հայաստանի համար տնտեսական շահերը, մեղմ ասած, այնքան էլ լավը չեն: Բայց այդ ամենը, կրկնում ենք, զուտ քաղաքական խաղ է, որի հիմնական մասնակիցները Հարավային Կովկասի երկրներին դիտարկում են փոքր-ինչ տեսականորեն եւ որպես անխուսափելի երեւույթ ընդունում:

Կարելի է ենթադրել հետեւյալ սցենարը, որն այնքան էլ հավանական չէ, բայց վարկածի տեսքով գոյության իրավունք ունի. Ռուսաստանը Թուրքիայի հետ պայմանավորվել է այն մասին, որ վերջինս ՀԱԿ բացման հարցում ճնշում գործադրի Թբիլիսիի վրա: Իսկ դրա փոխարեն Ռուսաստանը որեւէ բանով օգտակար կլինի Թուրքիային, թեկուզ թուրք-իրանական հարաբերություններում: Հայ-թուրքական հարաբերություններում, պարզ բան է, նա ոչնչով չի կարող օգնել, թերեւս ոչ ոք աշխարհում չի կարող: Երբ ամերիկացի, եվրոպացի, ինչպես եւ ռուս պաշտոնյաներն ասում են, թե սահմանի հարցը պետք է լուծեն իրենք պետությունները, դա որպես հրաժարվելու մի տարբերակ է ընկալվում: Բայց իրերի դրությունը հենց այդպիսինն է, եւ դա ճշմարիտ է ոչ միայն այդ, այլեւ ղարաբաղյան կարգավորման հարցում: Միջնորդ կարող է լինել ցանկացած մեկը, բայց վերջնական հաշվով պետք է պայմանավորվեն Ստեփանակերտն ու Բաքուն:

Այսպիսով, հնարավոր սցենարի մասին: Ի՞նչ կտա այն ինքնին Թուրքիային: Գրեթե ոչինչ, բացառությամբ որոշ քաղաքական առավելությունների: Նույնը կարելի է ասել նաեւ Ռուսաստանի մասին: Այնուամենայնիվ, «Վերին Լարսը» կարող է Անկարայի համար օրինակ ծառայել հաղորդակցության ապաշրջափակման հարցում: Այլ խոսքով, կարող է Թուրքիային ստիպել բացելու հայ-թուրքական սահմանը: Ճիշտ է, հիմա չէ, եւ ոչ էլ կես տարուց: Հնարավոր է մեկ տարուց, բայց պետք է հաշվի առնել, որ այժմ միջազգային հանրությունը պարզապես հայ-թուրքական սահմանի, ու առավել եւս «Վերին Լարսի» խնդիրը քննարկելու ժամանակը չունի պարզապես:

Միջազգային հանրությունն այժմ մտահոգված է Իրանով եւ թուրք-իսրայելյան հարաբերությունների, Ռուսաստանի ու Չինաստանի հետ ԱՄՆ հարաբերությունների թվացյալ վատթարացմամբ, պաղեստինյան հիմնախնդրով եւ վերջապես ԵՄ նախագահի ընտրություններով: Ճիշտ է, վերը նշված այդ ամենը չի նշանակում, որ Կովկասի վրա կարելի է ուշադրություն չդարձնել, բոլորովին հակառակը: Պարզապես կարող է այնպես ստացվել, որ մի շարք միջազգային խնդիրների լուծման արդյունքում Կովկասում ու Մերձավոր Արեւելքում հնարավոր կլինի որոշակի համաձայնության գալ: