AM
2 Փետրվար 2010 - 12:07 AMT

Անկարան կօգտվի ցանկացած հնարավորությունից` ձգձգելու համար Արձանագրությունների վավերացման գործընթացը

Եթե Թուրքիան վավերացնի Հայ-թուրքական արձանագրությունները, նշանակում է, որ երկրների միջեւ ինչ-որ պայմանավորվածություն կա ղարաբաղյան հարցի շուրջ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ-ի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը: Ըստ նրա, իրական չէ, որ այդ երկու գործընթացները շաղկապված չեն: «Անհնար է, որ մի հարցը լուծվի, իսկ մյուսը մնա նույն մակարդակի վրա»,-ասել է Զուրաբյանը: Ընդ որում, նա նշել է, որ Անկարան կօգտվի ցանկացած հնարավորությունից` ձգձգելու համար Արձանագրությունների վավերացման գործընթացը, քանի դեռ ղարաբաղյան հարցում առաջընթաց չի գրանցվել:

Զուրաբյանն ասել է նաեւ, որ Կոնգրեսը մի կողմ չի քաշվում գործընթացից եւ իրազեկում է ժողովրդին իշխանությունների իրական քայլերի մաիսն այս հարցում: Ըստ նրա, ՀԱԿ-ըքաղաքական դաշտը տրամադրել է մյուս ընդդիմադիր ուժերին, ակտիվացնելու համար նրանց գործողություններն այդ ուղղությամբ: «Նրանք երկու ելք ունեին` կամ միանալ մեզ, կամ ընդունել իշխանության առաջարկած խաղի կանոնները»,-ասել է Լ.Զուրաբյանը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավուդօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

Հայ ազգային կոնգրես: 2008թ. փետրվարի 19-ի ընտրություններից առաջ, նախագահության թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ ձեւավորվեց նախընտրական դաշինք, որն ոչ պաշտոնապես սկսեց կոչվել համաժողովրդական շարժում, որի կազմում ընդգրկվեցին շուրջ 20 քաղաքական կուսակցություններ եւ շարժումներ: 2008թ. մայիսի 2-ին Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսում Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրեց Հայ ազգային կոնգրես ստեղծելու գաղափարը: 2008թ. օգոստոսի 1-ին հանրահավաքի ժամանակ հիմնվեց Հայ ազգային կոնգրեսը: ՀԱԿ-ի հիմնական պահանջներն են քաղբանտարկյալների ազատ արձակումը, քաղաքացիների սահմանադրական իրավունքների վերականգնումը եւ արտահերթ ընտրությունների անցկացումը: