AM
11 Փետրվար 2010 - 19:17 AMT

ՀՀ կառավարությունը պատրաստել է «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը

Փետրվարի 11-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարում էր ՀՀ վարչապետ <b>Տիգրան Սարգսյանը</b>: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծին, որի համաձայն ստորագրողը ցանկացած ժամանակ` մինչեւ իր ստորագրած պայմանագրի ուժի մեջ մտնելը, իրավունք ունի չդառնալ այդ պայմանագրի մասնակից` դրա մասին հստակ կերպով հայտնելով իր մտադրությունը։ Տվյալ նորմը համապատասխանում է Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 18-րդ հոդվածին։

Մեկ այլ օրենսդրական նախաձեռնությամբ կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում` փախստականի կարգավիճակ ունեցող անձանց ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար դիմելու անցած տարեվերջին սպառված ժամկետը երկարաձգելով մինչեւ 2012թ. դեկտեմբերի 31-ը։

Նշված օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։