Ղարաբաղյան հակամարտության գոտում Անհետ կորածների, պատանդների եւ ռազմագերիների որոնման միջազգային աշխատանքային խմբի սերտ համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի եւ Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովների հետ թույլ կտա բարձրացնել որոնողական աշխատանքների արդյունավետությունը եւ վստահություն հաստատել հակամարտող կողմերի միջեւ: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ արտգործնախարար Աշոտ Ղուլյանն Ստեփանակերտում գտնվող Միջազգային աշխատանքային խմբի նախագահ Պաատա Զաքարեիշվիլու եւ համանախագահ Բերնհարդ Կլազենի հետ հանդիպման ժամանակ: Այդ առնչությամբ նախարարն ընդգծել է Ադրբեջանի կողմից մարդասիրական խնդիրների քաղաքականացման եւ նախապայմանների առաջ քաշման անթույլատրելիությունը: Նրա կարծիքով, դա չափազանց բարդացնում է հանձնաժողովների գործունեությունը: Զրույցի ընթացքում շոշափվել են հասունացած խնդիրների գործնական լուծմանը, տեղեկատվության օպերատիվ փոխանակմանն ու համապատասխան կառույցների միջեւ վստահելի փոխհարաբերությունների հաստատմանն առնչվող հարցեր:





