AM
17 Փետրվար 2010 - 09:30 AMT

Քեմալ Գեքթաշ. Ոստիկանությունը գիտեր Հրանտ Դինքի սպանության մասին

Ոստիկանությունը գիտեր Հրանտ Դինքի սպանության մասին, սակայն կանխարգելիչ ոչ մի միջոց չձեռնարկեց: Այդ մասին Ստամբուլի առաջին ատյանի 2-րդ դատարանում հայտարարել է «Vatan Daily» թերթի թղթակից Քեմալ Գեքթաշը:

Փետրվարի 16-ին Դինքի սպանության գործով դատավարության ընթացքում, Գեքթաշը, որին դատի են տվել ոստիկանության գաղտնի փաստաթղթերը գաղտնազերծելու համար, հայտարարել է, որ, ըստ իր տեղեկությունների, Տրաբզոնի ոստիկանության դեպարտամենտն իրազեկել է Ստամբուլի ոստիկանության դեպարտամենտինին Դինքի սպանության մտադրությունների մասին:

Իր «Հրանտ Դինքի սպանությունը` ԶԼՄ-ներ, դատական համակարգ ու պետություն» գրքում թուրք լրագրողը գրում է այն մասին, որ Ստամբուլի ոստիկանության դեպարտամենտն անտեսեց Տրաբզոնից հնչող զգուշացումները:
«Հետախուզության ծառայության պետ Ռամազան Ակուրեկը եւ Ստամբուլի ոստիկանության վարչությունը քրեական գործ հարուցեցին իմ դեմ այդ փաստաթուղթը հրապարակելու համար: Փաստաթղթում ասվում է, որ Հրանտ Դինքը սպանվելու է եւ ապացուցվում է, որ ոստիկանությունը նախապես գիտեր դա: «Ակոսի» գլխավոր խմբագրի սպանությունը նախապատրաստող խումբը գլխավորում էր Յասին Հայալը»,-ասել է Գեքթաշը:

Գեքթաշին 3-5 տարվա ազատազրկում է սպառնում, գրում է «Today`s Zaman» թերթը: