«Հիմնական խնդիրը, որի հետ բախվում է Էստոնիայի հայ համայնքը, մարդկանց վստահությունն է: Մարդկանց միջեւ ավելի շատ ըմբռնման եւ համաձայնության կարիք կա: Լավ կլիներ, եթե առաջատար-դրոշակակիր գտնվեր»,- Miasin.Ru կայքին տված հարցազրույցում հաղորդեց «Արարատ» (Տալլին, Էստոնիա) հայկական մշակութային ընկերության վարչության նախագահ Գրիգոր Հայրապետյանը:
Նրա խոսքով, այդ խնդիրը գրեթե լուծվել էր, երբ այդ հարցով զբաղվում էր Տալլինում Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վանահայր Գառնիկ Լոռեցյանը:
Նա ընդգծեց նաեւ, որ Տալլին եւ Տարտու քաղաքներում հայկական կիրակնօրյա դպրոցներ են գործում: «Մեր «Արարատ» երիտասարդ ընկերությունը նույնպես կես տարի առաջ բացեց իր կիրակնօրյա հայկական դպրոցը: Կարեւորը, որպեսզի մեր «ռուսացած» երեխաները հայերեն խոսել ու գրել սովորելու ցանկություն հայտնեն: Առայժմ առանձնակի ակտիվություն չի նկատվում: Շատերին, ինչպես իրենք են ասում, հարմար է ռուսերեն խոսել»:
Նա նշեց Էստոնիայում թե հայկական թերթերի, եւ թե ինտերնետ-աղբյուրների առկայությունը, որոնց թիվը ցանկալի կլիներ, որպեսզի աճեր, եւ հայերենն էլ եթե չլիներ հիմնական լեզու, ապա գոնե այդ լեզվով նույնպես գրեին: Այդ սկզբունքով է գործում «Արարատ» կենտրոնի կողմից ստեղծված «Էստոնիայի հայկական բանբեր» (Էստոնիայի հայերի անկախ թերթ) ինտերնետ-թերթը եւ «Ծիծեռնակ» ռադիոհաղորդումը, որը եթեր է հեռարձակվում Յուրի Վարդանյանի ղեկավարությամբ:
Որպես առաջիկա պլաններից ամենակարեւորը Գրիգոր Հայրապետյանը նշեց «Էստոնիայի հայկական կուսակցություն» քաղաքական կուսակցության ստեղծումը: «Ըստ իս, ժամանակն է, որպեսզի մենք էլ` էստոնահայերս, սկսենք զբաղվել քաղաքականությամբ եւ մոտ ապագայում առաջադրենք մեր ներկայացուցիչներին քաղաքային ժողովում եւ խորհրդարանում»:
«Արարատ» հայկական մշակութային ընկերության վարչության նախագահը պատմեց նաեւ ֆուտբոլային ու շախմատային ակումբների մասին, որոնք հաջողությամբ մասնակցում են Էստոնիայի առաջնություններին, ինչպես նաեւ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայի մասին, որն Էստոնիայում առաջատարներից մեկն է: Սակայն, նրա խոսքով, այդ նախագծերն անհրաժեշտ է օժանդակել, իսկ դա նշանակում է, որ անհրաժեշտ է միջոցներ փնտրել:
Էստոնիայի հայ համայնքը հաշվվում է մոտ 2000 հայեր, որոնք բնակվում են ողջ Էստոնիայի տարածքում: Ամենից շատ հայեր են բնակվում Տալլինում, ապա Տարտու, Կոխտլա-Յարվե, Նրվա, Ստլլամյաե, Պյարնու քաղաքներում:
«Արարատ» ընկերությունը գործում է 2005 թվականից եւ աշխատում է Էստոնիայի հայերի համախմբման ու հայերի միջեւ հաղորդակցության հարցում հայերենի` որպես գլխավոր լեզվի հաստատման ուղղությամբ: Ընկերությանն առընթեր գործում են նաեւ մի քանի հայկական երիտասարդական խմբեր, որոնք զանազան միջոցառումներ են կազմակերպում:





