AM
6 Մարտ 2010 - 08:43 AMT

ՀՀ նախագահը քննարկել է կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումներին վերաբերող խնդիրներ

Կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումներին վերաբերող խնդիրներ են քննարկվել Նախագահ Սերժ Սարգսյանի անցկացրած ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են շահագրգիռ բոլոր կառույցների ղեկավարները:

«Խորհրդային տարիներից ժառանգած այս համակարգն այսօր ակնհայտորեն բավարարում եւ համապատասխանում է ժամանակի պահանջներին, հետեւաբար վերափոխումների անհրաժեշտություն այս ոլորտում արդիական է», – ասել է նախագահը։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը, ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ Արտեմ Ասատրյանը եւ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը հանգամանորեն ներկայացրել են բարեփոխումների ծրագրի առանցքային ուղղությունները` շեշտելով, որ դրանցից գլխավորը կուտակային համակարգի ներդրումն է, որի նպատակը կենսաթոշակային տարիքից հետո քաղաքացիներին բարեկեցիկ ու արժանավայել կյանքով ապրելու հնարավորություն ստեղծելն է:

«Առաջարկվող մոդելը հաշվի է առնում կենսաթոշակային բարեփոխումների ժամանակակից աշխարհի փորձը եւ հնարավորություն է տալիս պարտադիր կուտակային համակարգի ներդրումը համադրել սոցիալական համերաշխության սկզբունքի հետ»,- ընդգծել են փոխնախարարները:

Ընդունելով առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունն ու կարեւորությունը` խորհրդակցության մասնակիցները միաժամանակ ներկայացրել են իրենց նկատառումներն, առաջարկություններն ու մտահոգությունները:

Նախագահ Սարգսյանը մփոփելով խորհրդակցության արդյունքները` համապատասխան մարմինների ղեկավարներին հանձնարարել է լրացուցիչ ուսումնասիրություններ ու քննարկումներ անցկացնել հնչած մտահոգությունների առնչությամբ, գնահատել հնարավոր բոլոր ռիսկերը, մշակել երաշխիքների հստակ մեխանիզմներ, եւ կատարված ամբողջական աշխատանքը ներկայացնել հաջորդ խորհրդակցության ժամանակ:

Երկրի ղեկավարն ընդգծել է կատարվելիք բարեփոխումների էությունը հասարակությանը հասկանալի է դարձնելու անհրաժեշտությունը` նշելով, որ այն հաջողության կարեւոր գրավականերից է: