AM
11 Մարտ 2010 - 11:08 AMT

ՀԿԽԸ հանրակացարանաբնակ շուրջ 1200 տարեցների սոցիալ-հոգեբանական աջակցություն կտրամադրի

Մարտի 1-ից մեկնարկել է «Նրանք սպասում են մեզ» կարգախոսով քարոզարշավը, որի նպատակն է հանրության ուշադրությունը սեւեռել հանրակացարանաբնակ միայնակ ծերերի սոցիալական, առողջական եւ հոգեբանական խնդիրների վրա:

Քարոզարշավը բաղկացած է երկու փուլից՝ իրազեկում եւ դրամահավաք: Հավաքագրված միջոցները նախատեսվում է օգտագործել այս առավել կարիքավոր սոցիալական խմբի աջակցությանն ուղղված ծրագրերում:

Ունենալով հանրակացարանաբնակ տարեցների հետ աշխատելու երկարամյա փորձ` Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը /ՀԿԽԸ/ նախատեսում է քարոզարշավի ընթացքում հանգանակության միջոցով հայթայթված գումարներով ՀՀ տարբեր քաղաքների հանրակացարաններում բնակվող շուրջ 1200 տարեցների համար իրականացնել աջակցության ծրագիր: Կարմիր Խաչի երիտասարդ կամավորների ջանքերով «Սոցիալ-հոգեբանական ծառայություն հանրակացարանաբնակ ծերերին» ծրագիրը 1995 թվականից արդեն իսկ իրականացվում է պարբերաբար կատարվող այցելությունների միջոցով, որը ներառում է տնային փոքր աշխատանքներ, սննդի փաթեթների տրամադրում, ծննդյան տոնակատարությունների կազմակերպում, թերթերի, ամսագրերի տրամադրում ու ընթերցանություն, ինչպես նաեւ ամենամսյա սոցիալական ու մշակութային միջոցառումների կազմակերպում:

ՀԿԽԸ պարբերաբար հանրությանը կտեղեկացնի քարոզարշավի ընթացքի, իրականացվող աշխատանքների, հասարակության արձագանքի եւ լրատվամիջոցների հետ նախատեսվող հանդիպումների մասին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալներով Հայաստանում գրանցված 500.000 տարեց մարդկանց շուրջ 50.000-ը միայնակ ծերեր են, որոնց զգալի մասը ապրում է ծայրահեղ աղքատության մեջ: Նրանցից առավել կարիքավոր մոտ 10.000 տարեցների համար սոցիալական պաշտպանության համակարգի միջոցով իրականցվում է սոցիալական, բժշկական եւ հոգեբանական աջակցություն, որն էլ միանգամայն անբավարար է թե՛ քանակական չափանիշների, թե՛ որակական հատկանիշների առումով: