AM
11 Մարտ 2010 - 14:10 AMT

Ժոաո Սոարեշը ԵՊՀ ուսանողներին ծանոթացրել է ԵԱՀԿ ԽՎ գործունեությանը

ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշն ու նրա գլխավորած պատվիրակությունը, որը տարածաշրջանային այցով գտնվում է Երեւանում, Երեւանի Պետական համալսարան այցելեց: Ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ընթացքում Ժոաո Սոարեշը պատմեց ԵԱՀԿ եւ կազմակերպության Խորհրդարանական Վեհաժողովի գործունեության ու նպատակների մասին: Նախագահի խոսքով, այսօր ԵԱՀԿ-ն կազմակերպության անդամ երկրների միջեւ հակամարտությունների եւ տարաձայնությունների լուծման համար արդյունավետ հարթակներից մեկն է: Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին` Ժոաո Սոարեշը հայտնեց, որ հակամարտության կողմերը պետք է փորձեն շուտափույթ կերպով հասնել հիմնախնդրի խաղաղ լուծմանը:

Լեռնային Ղարաբաղի գծով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերն իր հերթին հայտնեց, որ այժմ չի կարելի փոխել հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ձեւաչափը: «Մենք հասկանում ենք Ղարաբաղի ժողովրդի անհանգստությունը: Սակայն Հայաստանի նախագահը ծնունդով Ղարաբաղից է եւ լավագույն կերպով կարող է ներկայացնել Ղարաբաղի շահերը բանակցություններում»,- ասաց ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը` ավելացնելով, որ ռազմական ճարտասանությունն ու ռազմատենչ հայտարարությունները ոչ մի լավ բանի չեն հանգեցնի:

Հանդիպման ընթացքում ԵԱՀԿ ԽՎ պատվիրակությունը պատասխանեց ուսանողների եւ դասախոսների հարցերին: