AM
12 Մարտ 2010 - 07:37 AMT

Սերժ Սարգսյան. Հայաստանն ու Լեհաստանը նույն արժեքների հիման վրա են զարգանում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը: Ողջունելով բարձրաստիճան հյուրերին` ՀՀ նախագահը նշել է, որ հայ-լեհական հարաբերությունները շատ մեծ ներուժ ունեն, եւ Հայաստանը ցանկանում է այն լիարժեք իրացնել` խորացնելով փոխգործակցությունը քաղաքական, տնտեսության, մշակույթի եւ այլ բնագավառներում: Սերժ Սարգսյանի խոսքով` «դրա համար երկու շատ կարեւոր հիմքեր կան` մեր ժողովուրդների լավ փոխհարաբերությունները եւ Եվրամիության Արեւելյան գործընկերությունը, որի հեղինակներից մեկը Լեհաստանն է»:

Վարչապետ Դոնալդ Տուսկին եւս ասել է, որ հայ-լեհական հարաբերությունները կայուն զարգացում են ապրում, եւ Լեհաստանը խորապես շահագրգիռ է` ընդլայնելու երկկողմ գործակցության շրջանակը: Նա միաժամանակ ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կարող է ակնկալել Լեհաստանի աջակցությունը:

Նախագահ Սարգսյանն էական է համարել այն հանգամանքը, որ Հայաստանն ու Լեհաստանը նույն արժեքների հիման վրա են զարգանում, ինչը փոխշահավետ համագործակցության բազում կետեր գտնելու հնարավորություն է ընձեռում: Սերժ Սարգսյանը որպես հարաբերությունների զարգացման կարեւոր գործոններ հիշատակել է նաեւ երկկողմ մշակութային ակտիվ շփումները, խոսել ծագումով հայ լեհ մշակութային հայտնի գործիչների, լեհահայ համայնքի շաղկապող դերի մասին: ՀՀ նախագահը անդրադարձել է նաեւ 2005 թվականին Լեհաստանի Սեյմի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փաստին` նշելով, որ դա եւս վկայում է երկու ժողովուրդների միջեւ փոխըմբռնման ու վստահության մասին:

Հանրապետության նախագահը եւ Լեհաստանի կառավարության ղեկավարը մտքեր են փոխանակել նաեւ հայ-լեհական փոխգործակցության հնարավոր ուղղությունների, առեւտրատնտեսական կապերի ակտիվացման շուրջ:

Վարչապետ Տուսկին նաեւ ասել է, որ իր երկիրը բարձր է գնահատում ՀՀ նախագահի ջանքերն` ուղղված տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: