Մարտի 16-ին պաշտոնապես կմեկնարկի 1 մլն. եվրո արժողությամբ «Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության նվազեցում» դրամաշնորհային ծրագիրը, որի նպատակն է երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարմինների հզորացմամբ կանխել եւ նվազեցնել երեխաների նկատմամբ կիրառվող բռնության հնարավոր դեպքերը:
Եվրոպական Հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող եռամյա այս դրամաշնորհային ծրագիրն իրականացնելու է Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպությունը, որն ունի երկարամյա փորձ երեխաների իրավունքների պաշտպանության գործում:
«Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության նվազեցում» ծրագրի շրջանակներում նախատեսվում է աշխատանքներ իրականացնել ինչպես երեխաների պաշտպանության պետական համակարգի ամրապնդման, ոլորտում բարեփոխումների իրականացման, այնպես էլ համապատասխան օրենսդրության բարելավման ուղղությամբ:
Ծրագիրն իրականացվելու է Լոռու, Սյունիքի մարզերի եւ Երեւանի երեխաների պաշտպանության համակարգի ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ երեխաների խնամքի գիշերօթիկ չորս հաստատություններում` երկուսը Երեւանում, մեկը` Վանաձորում եւ մեկը`Կապանում:





