Nabucco խողովակաշարը լավագույն դեպքում շահագործման կհանձնվի 2018 թ., ինչը 4 տարի ուշ է նախապես հնչեցրած ժամկետից: Այս մասին գերմանական Sueddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է էներգետիկայի հարցերով եվրակոմիսար Գյունտեր Էթինգերը, հաղորդում է Bloomberg-ը:
Nabucco-ի նախաձեռնողներից RWE ընկերությունից վստահեցնում են, որ գազի խողովակաշարը, ինչպես ծրագրված էր, աշխատանքը սկսելու է 2014 թվին, իսկ հիմա սպասում են ընթացիկ տարում վերջնական ներդրումային որոշմանը:
Ենթադրվում է, որ Nabucco գազամուղի կառուցումը պետք է սկսվի 2011 թ. վերջին, իսկ այդ խողովակաշարով գազամատակարարումը սկսվելու է 2014 թ. վերջին: Խողովակաշարի կառուցման համար անհրաժեշտ թույլտվությունն արդեն ստացել են, սակայն մինչ օրս պաշարների բազան, որի հաշվին էլ լցվելու է Nabucco-ն, դեռ պարզ չէ: Խողովակաշարի համար որպես գազի աղբյուր դիտարկվում են Ադրբեջանը, Թուրքմենստանն եւ Իրանը, սակայն նրանց հետ որեւէ պարտավորեցնող փաստաթուղթ չի ստորագրվել:
Nabucco նախագիծը նախատեսում է գազամատակարարում Կասպիական տարածաշրջանից դեպի Եվրոպա` շրջանցելով Ռուսաստանը: Nabucco-ն դառնալու է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի շարունակությունը, իսկ հետո այն Թուրքիայի տարածքով գնալու է դեպի բալկանյան երկրներ մինչեւ Ավստրիա: 3,3 հազ կմ երկարությամբ գաղատարի շինարարության բյուջեն գնահատվում է 7,9 մլրդ եվրո:
Առաջին փուլում ծրագրվում է Եվրոպա հասցնել ոչ ավելի քան 17 մլրդ խմ գազ, թեեւ ընդհանուր թողունակությունը 31 մլրդ խմ է:
Nabucco-ի ճակատագրի մասին որոշումն ընդունելու է Եվրամիությունը մինչեւ տարվա վերջ, Բրյուսելում տեղի ունեցող հատուկ համաժողովում: Ընդ որում, նախագծի իրականացումը կախված է այն բանից, թե ԵՄ-ն արդյոք կարող է ռազմավարական համաձայնագիր կնքել Թուրքմենստանից գազի մատակարարման մասին: Էթինգերի խոսքերի համաձայն, հավանականությունը, որ, այնուամենայնիվ, նման որոշում կընդունվի, 65 տոկոս է, հաղորդում է Lenta.ru կայքէջը:





