AM
17 Մարտ 2010 - 11:11 AMT

UAAS. «Հայոց ցեղասպանության մասին Շվեդիայի խորհրդարանի բանաձեւը կօգնի հայ-թուրքական հաշտեցմանը»

Շվեդիայի հայկական ընկերակցությունների միությունը (UAAS) նամակ է ուղարկել Շվեդիայի Ռիկսդագի նախագահ Պիեռ Վեստերբերգին, որով խորհրդարանի անդամներին շնորհակալություն է հայտնումՀայերի, ասորիների եւ պոնտացի հույների ցեղասպանության ճանաչման համար

«Այս հարցը չի սահմանափակվում միայն այդ էթնիկ խմբերով, այն վերաբերում է ողջ մարդկությանը: Հենց այդ պատճառով ցեղասպանության փաստը պետք է պաշտոնապես ճանաչվի, որպեսզի հաջորդ սերունդները կանխարգելեն նմանատիպ հանցագործությունները», – ասված է UAAS նամակում:

Նամակ-ուղերձում ընդգծվում է, որ պատմությունը բանակցությունների առարկա չէ, եւ Շվեդիայի Ռիկսդագի որոշումը հիմնված էր գիտական ուսումնասիրությունների վրա: «Հայոց ցեղասպանության մասին բանաձեւն ընդունելու համար Շվեդիայի պատգամավորներից 10 տարի պահանջվեց: Այդ պատմական փաստը ճանաչելու որոշումը վկայում է այն մասին, որ խորհրդարանականները որոշել են հիմք ընդունել կուտակված ուսումնասիրությունները, այլ ոչ թե առաջ քաշել պատմության սեփական վերսիան», – ասված է նամակում: UAAS-ի ներկայացուցիչներն իրենց վստահությունն էին հայտնում, որ Շվեդիայի խորհրդարանի բանաձեւը կօգնի Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցմանը:

Մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը ձայների 131 կողմ եւ 130 դեմ հարաբերությամբ ճանաչել է Օսմանյան կայսրությունում իրագործված Հայերի, ասորիների եւ պոնտացի հույների ցեղասպանությունը: