Հայաստանում ֆրանսիական համալսարանի 23 լավագույն ուսանողներին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ-AGBU) վկայագրեր շնորհելու հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 5-ին։
Այս տարի ՀԲԸՄ-ի կողմից տրամադրված ֆինանսական աջակցությունը կազմում է 30,000 ԱՄՆ դոլար:
ՀԲԸՄ-ն եւ Հայաստանում Ֆրանսիական համալսարանը տարբեր ծրագրերի շուրջ սերտորեն համագործակցում են 2004 թվականից ի վեր: Այդ համագործակցության շրջանակներում 2007 թվականից ՀԲԸՄ-ն համալսարանին աջակցում է նաեւ անվճար սովորող ուսանողների ուսման հետ կապված ֆինանսական պարտավորությունները հոգալու հարցում:
Հանդիսավոր արարողությանը ներկա կլինեն ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամներ Վազգեն Յակուբյանն ու Արիս Ադամյանը, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորզելեկը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը, այլ պաշտոնյաներ եւ հյուրեր:





