ՀՀ Արդարադատության “Աբովյան” Քրեակատարողական հիմնարկում անցկացվեց միջոցառում` նվիրված մայրության եւ գեղեցկության տոնին: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեաին երկրորդի օրհնությամբ միջոցառումը կազմակերպվել էր Քրեակատարողական հիմնարկների հոգեւոր ծառայության պատասխանատու Արամ սարկավագ Սիմոնյանի եւ Նոր Նորքի Հայորդյաց տան սաների կողմից:
Հանդիսությունը բացվեց տերունական աղոթքով, որից հետո Մայր Աթոռի միաբան Տ. Տաճատ աբեղա Ծատուրյանն ընթերցեց Ամենայն Հայոց Հայրապետի շնորհավորական ուղերձը Ավետման տոնի առիթով:
Այնուհետեւ ժողովրդական պարային համարներով, ազգագրական երգերով և կրկեսային առանձին ներկայացումներով հանդես եկան Նոր Նորքի Հայորդյաց տան սաները:
Միջոցառման ավարտին ներկաներին իր օրհնության խոսքը բերեց Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Նորայր ավագ քահանա Բաղդասարյանը` հորդորելով կանանց մշտապես վառ պահել եւ իրենց կյանքում իբրև օրինակ ունենալ Սուրբ Աստվածածնին:
Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Քրեակատարողական հիմնարկների վարչության պաշտոնյաններ, տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։





