AM
8 Ապրիլ 2010 - 10:55 AMT

Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ չկան քաղաքական տարաձայնություններ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Թուրքմենստանի փոխվարչապետ, հայ-թուրքմենական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Խիդիր Սափարլիեւին, ով Հայաստանում է համատեղ միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստին մասնակցելու նպատակով:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է ընդլայնել Թուրքմենստանի հետ առեւտրատնտեսական կապերը եւ ակնկալում է, որ միջկառավարական հանձնաժողովը առաջ կմղի երկկողմ փոխշահավետ համագործակցությունը: ՀՀ նախագահը կարեւորել է հանգամանքը, որ պարոն Սափարլիեւը նախկինում եղել է Թուրքմենստանի դեսպանը Հայաստանում: Նախագահը վստահություն է հայտնել, որ հենվելով հայ-թուրքմենական ավանդական բարեկամական հարաբերությունների վրա, կարվի անհրաժեշտը` զարգացնելու երկկողմ համագործակցությունը:

Թուրքմենստանի փոխվարչապետը ՀՀ նախագահին է փոխանցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ողջույնները: Փոխվարչապետ Սափարլիեւը միջկառավարական հանձնաժողովի երեւանյան նիստի աշխատանքը արդյունավետ է գնահատել: Զրուցակիցները ընդգծել են, որ Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ չկան քաղաքական տարաձայնություններ, ինչը լավ հիմք է փոխշահավետ հարաբերություններ ձեւավորելու եւ ակտիվ գործակցություն ծավալելու համար:

ՀՀ նախագահը փոխվարչապետի միջոցով Հայաստան այցելելու հրավեր է հղել Թուրքմենստանի նախագահին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: