Հայ-թուրքական գործընթացը շարունակվում է և չի կարելի ասել, որ այն փակուղում է: Սակայն գործընթացն աստիճանաբար ավելի վտանգավոր է դառնում բոլոր մասնակից կողմերի համար: Այս մասին լրագրողներին ասել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը: «Այնպիսի տպավորություն է, որ հայաստանյան հասարակական և քաղաքական շրջանականերում անորոշություն է տիրում հայ-թուրքական գործընթացի շուրջ: Մինչդեռ Թուրքիայում այդպես չէ»,- նշեց փորձագետը:
Ըստ նրա, սկզբնական շրջանում, երբ հայտարարվեց առանց նախապայմանների գործընթացի մասին, հայկական իշխանությունները ճիշտ չհասկացան այն ու ընդունեցին թուրքական կողմի նախապայմանները: Սակայն հետո, 2009 թվականի հոկտեմբերից մինչ այսօր պաշտոնական Երևանի դիրքորոշումը վերադարձավ նախնական կետին: «Հիմա արդեն Հայաստանը հայտարարում է, որ որևէ զիջման Ղարաբաղի և Ցեղասպանության հարցում նա չի գնա: ԱՄՆ հասկանում է հայկական կողմի այս դիրքորոշումը, ինչն էլ իր հերթին Թուրքիային ավելի ջղաձիգ է դարձնում»,- ասաց Մանվել Սարգսյանը: Նրա համոզմամբ, հիմա Հայաստանը պետք է հետևի ընդհանուր գործընթացին ու թուրքական կողմի քայլերին: Փորձագետի կարծիքով, եթե մոտ ժամանակներս Հայոց ցեղասպանության գործընթացը նոր թափ հավաքի, դա կնշանակի, որ ճնշումներն Անկարայի վրա ուժեղանում են: Մանվել Սարգսյանը համոզված է, որ այդպես էլ կլինի:





