Ապրիլի 17-ին Ամստերդամի համալսարանում «Առաջին համաշխարհային պատերազմում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության համեմատական վերլուծություն» թեմայով ընդգրկուն զեկույց է ունեցել «Արարատի ապառաժներում» գրքի հեղինակ, նույն համալսարանի պրոֆեսոր Էնթընի Հոլսլախը, որի ընթացքում նա մանրամասն վերլուծության է ենթարկել Հայոց ցեղասպանության հարցի սոցիոլոգիական կողմը եւ այն, թե զանգվածային բռնության այդ դեպքերը մինչ այժմ ինչպիսի ազդեցություն ունեն Նիդերլանդներում եւ Բրիտանիայում ապրող հայկական համայնքների վրա:
Վերլուծության մեջ նա անդրադարձել է ցեղասպանության երեւույթին` որպես մարտահրավեր մարդկությանը եւ քննադատել այլ մեկնաբանությունները: Ցեղասպանությունը որպես երեւույթ, ըստ նրա, անհատի ոչնչացման մտադրություն է: Է. Հոլսլախը նշել է, որ ինքը ցեղասպանության հարցն ուսումնասիրել է ոչ թե որպես քաղաքական ճգնաժամ, այլ որպես դինամիկ եւ սիմվոլիկ ակտ, ինչը հնարավորություն է տալիս նոր` սոցոլոգիական եւ հասարակական տեսանկյունով դիտարկել այդ ահավոր երեւույթի հետեւանքները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Զեկույցին ներկա էին համալսարանականներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:





