Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները հասել են այնպիսի մի պահի, երբ Ադրբեջանը պետք է ճանաչի ԼՂՀ փաստացի անկախությունը, հակառակ դեպքում բանակցային գործընթացը արդյունավետության առումով բարդ է լինելու: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում ասել է “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահի մամլո քարտուղար Խաչիկ Գալստյանը:
Նրա խոսքերի համաձայն, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի քաղաքականությունը հակասական է: “Ադրբեջանը, նախ` համաձայնեց Մադրիդյան սկզբունքներին, այնուհետև ընդունեց Իրանի առաջարկությունը, դատապարտեց ԱՄՆ դիրքորոշումը և հանդես եկավ Թուրքիային ԵԱՀԿ ՄԽ-ում ներգրավելու առաջարկով, – պարզաբանել է նա: – Բնականաբար, Հայաստանի համար դա անընդունելի է”:
Նա ավելացրել է նաև, որ եթե Ադրբեջանը ճանաչի ԼՂՀ անկախությունը, ապա` մյուս բոլոր հարցերը, այդ թվում նաև տարածքային զիջումները, կարող են քննարկվել բանակցությունների ընթացքում:
Իրանի ակտիվությունը ԼՂՀ կարգավորման հարցում Գալստյանը բնական է համարում, քանի որ “Իրանը տարածաշրջանում գերտերություն է: Այդ պետությունը ի սկզբանե հետաքրքրվում էր ղարաբաղյան հակամարտությամբ: Ես գտնում եմ, որ ղարաբաղյան հակամարտության ներկա իրավիճակը Իրանի համար ևս ընդունելի է, քանի որ ազատագրված տարածքները յուրօրինակ բուֆերային գոտի են Իրանի և Ադրբեջանի միջև”, – ընդգծել է Խաչիկ Գալստյանը:





