Հատուկ քննչական ծառայությունը քննել է Խալաֆյանի գործով անցնող անձանց վերաբերյալ բռնությունների կիրառման մասին հրապարակումների իսկությունը և տարածել է հաղորդագրություն: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է, որ ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ստուգվում են գողություն կատարելու կասկածանքով Վ.Խալաֆյանի հետ բերման ենթարկված, հետագայում կալանավորված Ա.Իսպիրյանի, Շ.Մարկոսյանի եւ Դ.Գյուլումյանի նկատմամբ Չարենցավանի ոստիկանության բաժնում 13.04.10թ. բռնություններ կիրառված լինելու մասին մամուլի հրապարակումների իսկությունը:
«Քրեական գործով նախաքննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունն ապահելու համար Հատուկ քննչական ծառայությունը 04.05.10թ. գրավոր դիմել է ՀՀ օմբուդսմենին՝ խնդրելով տրամադրել Ա.Իսպիրյանին, Շ.Մարկոսյանին եւ Դ.Գյուլումյանին այցելության արդյունքների վերաբերյալ տեղեկություններ: Միաժամանակ հարցումներ են ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ եւ ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի ձերբակալվածներին պահելու վայր՝ Ա.Իսպիրյանին, Շ.Մարկոսյանին եւ Դ.Գյուլումյանին տվյալ հիմնարկներ ընդունելիս բուժզննման ենթարկելու արդյունքների մասին տեղեկություններ տրամադրելու համար: Չարենցավանի բաժնի ՁՊՎ-ից 03.05.10p. ստացված գրավոր պատասխանի համաձայն՝ վերոնշյալ անձանց մարմինների վրա մարմնական վնասվածքներ չեն եղել եւ գրավոր կամ բանավոր հայտարարություն չեն ներկայացրել իրենց նկատմամբ կիրառված քննության խորթ մեթոդների վերաբերյալ: ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից պատասխան դեռեւս չի ստացվել», ասվոմ է ՀՀ հատուկ քննչական ծառայության մամլո հաղորդագրության մեջ:





