Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ոստիկանության ակադեմիայի ուսանողի կողմից ինքնասպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանության ակադեմիայի 1-ին կուրսի ուսանողներ 1-ին վաշտի 3-րդ դասակի հրամանատար Հ. Համբարձումյանը եւ կրտսեր սերժանտ Գ. Բարեյանը 2010թ. հունվարի 18-ից` մոտավորապես ժամը 23:30-ից սկսած, մինչեւ հունվարի 19-ի առավոտյան նույն կուրսի սովորող Վ.Գ.-ին ենթարկել են ֆիզիկական եւ հոգեբանական ճնշման, հարկադրել կատարել նրա պարտականությունների մեջ չմտնող, անպատվաբեր աշխատանքներ:
Չդիմանալով նվաստացմանը` Վ. Գ.-ն փորձել է ինքնասպանություն կատարել:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Գ.Բարեյանին մեղադրանք է առաջադրվել եւ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) , իսկ Հ. Համբարձումյանին` քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասով (նույն արարքը, որը կատարվել է հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ): Քրեական գործն ուղարկվել է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար, հաղորդում է գլխավոր դատախազության մամլո ծառայությունը: 2010թ. հունվարի 19-ին` ժամը 09:30-ի սահմաններում, Վ.Գ.-ն ինքնասպանություն կատարելու նպատակով իրեն ցած է նետել ՀՀ ոստիկանության ակադեմիայի վարչական շենքի 5-րդ հարկի լսարաններից մեկի պատուհանից:
«Արմենիա» բժշկական կենտրոնում ժամանակին ցուցաբերված բժշկական միջամտության արդյունքում տղայի կյանքը հաջողվել է փրկել:





