ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Շիրակի մարզպետարանի աշխատակազմին, գործադիր մարմնի մարզային կառույցներին, համայնքների ղեկավարներին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Աշոտ Գիզիրյանին:
Ա. Գեւորգյանը բարձր գնահատեց նախկին մարզպետ Լիդա Նանյանի կատարած աշխատանքըª ընդգծելով, որ վերջին տարիներին լուրջ քայլեր են իրականացվել նախկինում կուտակված աշխատավարձերի պարտքերի մարման, սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարելավման ուղղությամբ: Նա շնորհակալություն հայտնեց Լ. Նանյանին` մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված աշխատանքների համար:
Նոր պաշտոնում հաջողության մաղթելով Աշոտ Գիզիրյանին` փոխվարչապետը նշեց, որ նա երկար տարիներ աշխատել է մարզում եւ քաջատեղյակ է խնդիրներին: Ա. Գեւորգյանը վստահություն հայտնեց, որ նորանշանակ մարզպետը, համագործակցելով մարզի համայնքների ղեկավարների հետ, իր փորձն ու կարողությունները կծառայեցնի առկա խնդիրների լուծմանը, իր ներդրումը կունենա տարածքային կառավարման համակարգում բարեփոխումների իրականացման գործում, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:





