AM
22 Հունիս 2010 - 12:36 AMT

ՀՀ Միգրացիոն պետական ծառայությունը խորհուրդ է տալիս Ադրբեջանին ճշգրիտ լինել փախստականների իր հաշվարկներում

Լավ կլիներ, որ երկակի ստանդարտների մասին խոսելուց առաջ, Ա. Հասանովը նեղություն կրեր մանրամասն ծանոթանալ «Փախստականների մասին» 1951թ. Ժնևյան կոնվենցիային, ըստ որի փախստականին քաղաքացիություն տրամադրելը փախստականի հիմնախնդիրների լուծումներից մեկն է, ինչն ինքնին չի հանգեցնում բոլոր հիմնախնդիրների լուծմանը: Այս մասին ասվում է ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության մամլո հաղորդագրության մեջ, որտեղ մեկնաբանվում է Ադրբեջանի փախստականների պետական կոմիտեի ղեկավար Ալի Հասանովի հունիսի 18-ի հայտարարությունը:

Ինչ վերաբերում է Հայաստանում գտնվող փախստականների թվին, խորհուրդ կտայինք, որ նա նախ լավ հաշվարկեր Ադրբեջանում գտնվող փախստականների թիվը, հետո միայն դատողություններ աներ մեր երկրում նրանց թվի վերաբերյալ: Խնդիրն այն է, որ Հայաստանից Ադրբեջան են արտագաղթել ոչ թե 250.000, այլ 165.000 էթնիկ ադրբեջանցիներ: Ընդ որում` նրանք, ի տարբերություն Ադրբեջանից բռնագաղթված էթնիկ հայերի, Հայաստանը թողել են խաղաղ պայմաններում, հնարավորություն ունենալով ոչ միայն տանել իրենց գույքը, այլև վաճառել կամ փոխանակել իրենց բնակարանները: Ավելին, Հայաստանի իշխանությունները 1989թ-ին 14.500 ադրբեջանական ընտանիքների փոխհատուցում են տվել բնակարանների և գույքի դիմաց, ինչը գումարային արժեքով կազմել է 110 մլն ԱՄՆ դոլար:

300.000 հայ փախստականներին ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից օգնություն ցույց տալու հետ կապված, Հասանովին խորհուրդ կտայինք պարզաբանումներ ստանալ Բաքվի ՄԱԿ ՓԳՀ-ի գրասենյակից, տեղեկանալով, թե ինչով են նրանք առաջնորդվում իրենց գործունեության ծավալները որոշելիս, ասվում է ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության հաղորդագրության մեջ: