Հուլիսի 2-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա «Մեծ Եղեռնի-Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից. Արդարության հաստատման սահմանագիծ» խորագրով մեկօրյա համաժողովը: Համաժողովի կազմակերպիչներն են Համաշխարհային հայկական կոնգրեսը, ՀՀ սփյուռքի նախարարությունը և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան: Համաժողովի ընթացքում կքննարկվի մինչև 2015թ. համահայկական միասնական գործողությունների հայեցակարգային ծրագիր ունենալու անհրաժեշտությունը, որը կուղղորդի համայն հայության ջանքերը Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման, դրա հետևանքների հաղթահարմանն ուղղված գործողություններում: Կքննարկվի նաև Ցեղասպանության դատապարտման և դրա հետևանքների հաղթահարման նպատակով մեր կողմից միջազգային դատական ատյաններ դիմելու հնարավորությունը:
Մասնակիցները կանդրադառնան նաև վերոնշյալ ծրագիրը մշակելու, համակարգելու և իրագործումն ապահովելու նպատակով Կոմիտե /Խորհուրդ/ և Հիմնադրամ, ինչպես նաև միջազգային դատական ատյաններ դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի մշակման նպատակով փորձագիտական, մասնագիտական հանձնաժողովներ ձևավորելու անհրաժեշտությանը, հայտնում է Համաշխարհային հայկական կոնգրեսի մամլո ծառայությունը:





