Սոցիալ դեմոկրատ հնչակյան kուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը բաց նամակ է հղել Հիլարի Քլինթոնին: Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Գաղտնիք չէ, որ հուլիսի 4-ին Ձեր կողմից ծրագրված այցելությունը Երևան նախ և առաջ ենթադրում է անդրադարձ Արցախի հակամարտության խնդրին: Ձեր ժամանելուց առաջ Կանադայում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջին դեմքերը` Օբաման, Սարկոզին և Մեդվեդևը տարածեցին ԼՂ հակամարտությանը վերաբերող մի հայտարարություն, որտեղ նշված առաջարկները մեր` հայ երիտասարդներիս խորին համոզմամբ, առաջացնում է տարածաշրջանում նոր պատերազմի հնարավորություններ:
Ավելին, ոչ Ձեր երկիրը` ԱՄՆ-ն, ոչ Ռուսաստանն ու Ֆրանսիան պատշաճ կերպով չդատապարտեցին ընդամենը մի քանի օր առաջ Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գոտում տեղ գտած ադրբեջանական բացահայտ սադրանքը, որի հետևանքով զոհվեցին իրենց Հայրենիքը պաշտպանող Պաշտպանության բանակի զինծառայողներ: Վստահ ենք, որ եթե նման դեպք գրանցվեր Իրաքում, Աֆղանստանում կամ Կոսովոյում, ապա ամերիկյան լրատվամիջոցներն անմիջապես ուղիղ եթեր կապահովեին միջադեպի վայրից, իսկ Սպիտակ Տունը և Պետքարտուղարությունը մեկ մյուսին հերթ չտալով կդատապարտեին տեղի ունեցածը: Այն, ինչ որ առաջարկում են Ձեր, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները, ոչ միայն չի կարող լուծել Արցախի խնդիրը, այլ հանգեցնելու է նոր և անկանխատեսելի հետևանքների:
Համանախագահ երկրներից և ոչ մի պաշտոնյա ցայսօր հոդաբաշխ բացատրություն չտվեց հայ հասարակությանը, թե ինչու՞ Կոսովոն կարող է անկախ լինել, իսկ Արցախը` ոչ:
Երկակի չափանիշերի կիրառումը հայտնի է ամբողջ աշխարհին, բայց գերակշիռ են նաև այն դեպքերը, որ նմանատիպ ստանդարտների իրագործումը հանգեցնում է մեծագույն ողբերգությունների:
Տիկին Քլինթոն, Արցախի ժողովուրդն անցած խորհրդային տարիներին տեսավ ադրբեջանական տիրապետության հետևանքները, տեսավ և իր մաշկի վրա զգաց այն հայատյաց քաղաքականությունը, որի հետևանքով հարյուրավոր հայեր զոհվեցին Բաքվում, Սումգայիթում, Մարաղայում և այլուր տեղի ունեցած իսկական Ցեղասպանության արդյունքում:
Արցախին պարտադրվող ցանկացած որոշում հղի է անկանխատեսելի հետևանքներով, որոնք կարող են համաճարակի պես տարածվել ոչ միայն տարածաշրջանում, այլ ընդգրկել աշխարհագրական շատ ավելի ընդգրկուն տարածքներ:
Արցախցին ցանկանում է ազատ ապրել, և այդ որոշումը ոչ ոք իրավասու չէ բեկանել», հաղորդում է կուսակցության մամլո ծառայությունը:





