AM
7 Հուլիս 2010 - 16:01 AMT

Մեղադրանքը պաշտպանող դատախազի գնահատմամբ նշանակված պատիժներն ակնհայտ մեղմ են

Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուրիրավասության դատարանի` 2010թ. մայիսի 25-ի դատավճռի դեմ: Նա խնդրել է փոփոխել այն և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի` թվով 5 աշխատակիցների նկատմամբ սահմանել ավելի խիստ պատիժ:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 2010թ. մայիսի 25-ի դատավճռով ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պահպանության բաժնի պետ Ս. Թամրազյանը, անվտանգության ապահովման բաժնի պետ Ս. Արթենյանը, ցերեկային հերթափոխի ավագ Ա. Սմբատյանը, հերթափոխի աշխատակիցներ Վ. Հարությունյանը և Ա. Աթաբեկյանը հանցավոր են ճանաչվել պաշտոնեական անփութության համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Դատարանը ապացուցված է համարել, որ սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի և Սողոմոն Քոչարյանի՝ ազատազրկման վայրից 2009թ. նոյեմբերի 27-ին կատարած փախուստը հաջողվել է ՀՀ ԱՆ ՔԿՎ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի աշխատակիցներ Աղասի Սմբատյանի, Սերժիկ Թամրազյանի, Սեդրակ Արթենյանի, Արա Աթաբեկյանի և Վանիկ Հարությունյանի կողմից դատապարտվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգի, ինչպես նաև ՀՀ ԱՆ ՔԿՎ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետի 2009թ. նոյեմբերի 9-ի ամրակցման հրամանի պահանջները խախտելու և չկատարելու հետևանքով:

«Նուբարաշեն» քրեակատարողան հիմնարկի վերոնշյալ աշխատակիցներին մեղավոր ճանաչելովծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական անփութության համար ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքով ՝ դատարանը Ս. Թամրազյանին, Ա. Աթաբեկյանին, Ա. Սմբատյանին և Վ. Հարությունյանին դատապարտել է 2-ական տարվա, իսկ Ս. Արթենյանին` 2 տարի 6 ամսվա ազատազրկման:

Սակայն մեղադրող դատախազի գնահատմամբ՝ ամբաստանյալների նկատմամբ նշանակված պատիժներն ակնհայտ մեղմ են և ներկայացրել է վերաքննիչ բողոք` վերաքննիչ քրեական դատարանից խնդրելով ամբաստանյալների համար սահմանել ավելի ծանր պատիժ՝ հաշվի առնելով կատարված հանցանքների հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը: