Այսօր մաքսային բրոքերի պահանջարկը տնտեսվարողի մոտ առկա է բոլոր մաքսատներում և մաքսային պահեստներում: Մաքսավոր-մաքսային բրոքեր-տնտեսվարող համագործակցությունը սկսել է կայանալ. ավելին, ապրիլից արդեն գործում է Հայաստանի բրոքերների ասոցիացիան, որի միջոցով առաջնահերթ շատ խնդիրների հնարավոր է համակարգված լուծում տալ: Ներկայում գրանցված և համեմատաբար ավելի ակտիվ գործող 35 բրոքերային կազմակերպություններից 27-ն այժմ ասոցիացիայի անդամ են: Օրերս ասոցիացիայի նախագահ Հրայր Գյոնջյանին էր ընդունել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արթուր Աֆրիկյանը:
"Բրոքերների ինստիտուտը բավականին առաջադեմ համակարգ է և կիրառվում է աշխարհի շատ, այդ թվում զարգացած պետություններում: Մենք էլ այսօր ունենք օրենսդրական համապատասխան հիմք, որով հստակ սահմանվում են բրոքերի իրավասությունները",- ասոցիացիայի նախագահի հետ խորհրդակցության ժամանակ ասել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արթուր Աֆրիկյանը:
Բրոքերային կազմակերպությունը կամ մաքսային բրոքերը մասնագիտացած է մաքսային ձևակերպումների և մաքսային հսկողության հետ կապված հարցերում, իրականացնում է բեռների հայտարարագրումը, ավելի ճիշտ` մաքսային ձևակերպումների գործընթացում նա արհեստավարժ օժանդակություն է ցուցաբերում տնտեսվարող սուբյեկտներին` միջնորդ հանդիսանալով մաքսավորի և գործարարի միջև:
Հայաստանի բրոքերների ասոցիացիայի նախագահ Հրայր Գյոնջյանը ասոցիացայի ստեղծման հիմնական նպատակը համարում է բրոքերների շահերի պաշտպանությունը: Ասոցիացիան հիմնադրելիս առաջնորդվել ենք եվրոպական փորձով, ինչը պայմանավորված էր ինչպես ԵՄ անդամ երկրների այդ ոլորտում ունեցած հաջողություններով, այնպես էլ այն հանգամանքով, որ Հայաստանը որդեգրել է Եվրաինտեգրման ճանապարհը: Մեր միջնաժամկետ նպատակներից է Ասոցիացիայի անդամակցումը "Մաքսային բրոքերների եվրոպական ասոցիացիային"(COFIAD-ին):
Առաջիկայում ասոցիացիան իր ինտերնետային էջում կենտրոնացված կերպով կներկայացնի իր անդամների վերաբերյալ տեղեկատվություն, որը կներառի նաև վերջիններիս կողմից մատուցվող ծառայությունների սակագները: Ասոցիացիայի նախագահը տեղեկացրել է նաև, որ առաջիկայում պատրաստվում են կազմակերպել սոցիացիայի անդամ բրոքերական կազմակերպությունների ներկայացուցիչների վերապատրաստում, ասվում է Պետեկամուտների կոմիտեի մամլո հաղորդագրության մեջ:





