AM
10 Օգոստոս 2010 - 12:48 AMT

Տիգրան Գրիգորյանն ու Արսեն Պետրոսյանը դատապարտվել են համապատասխանաբար 7 և 10 տարվա ազատազրկման

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավոր է համարել մեղադրող դատախազի կողմից ներկայացված ապացույցներն առ այն, որ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Արսեն Պետրոսյանը ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարագրի հիման վրա 2009 թվականին ստուգել է «Դելտա ֆրագմենտ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող «Երևան քաղաքի Աստղիկի գիպսատար կավերի և բազալտների հանքավայր»-ում բնության պահպանության և բնական պաշարների արդյունավետ օգտագործման բնագավառի օրենսդրության պահանջների կատարման վիճակը: Նշված ընկերության կողմից շահագործվող հանքավայրում հայտնաբերված բնապահպանական բնագավառի օրինախախտումներն ստուգման ակտում չարձանագրելու և գանձման ենթակա տուգանքի չափը նվազեցնելու համար Արսեն Պետրոսյանը «Դելտա ֆրագմենտ» ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Ասլանյանից պահանջել և դեկտեմբերի 16-ին` ժամը 15:00-ի սահմաններում` ՀՀ կառավարության N 3 մասնաշենքի 5-րդ հարկի միջանցքում, ստացել է 400.000 ՀՀ դրամ կաշառք:

Բացի այդ` Արսեն Պետրոսյանը ՀՀ բնապահպանության նախարարի` 2009թ. հոկտեմբերի 27-ի և նոյեմբերի 16-ի հանձնարարագրերի հիման վրա ստուգել է «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ում բնական ռեսուրսների օգտագործման և պահպանման պահանջների կատարման վիճակը: Արսեն Պետրոսյանը, իր անմիջական ղեկավար Տիգրան Գրիգորյանի հետ համաձայնության գալով, իրենց լիազորությունների շրջանակում հիշյալ ընկերության օգտին բնապահպանության բնագավառում գործող օրենսդրության պահանջների խախտումներն ստուգման ակտում ոչ ամբողջությամբ արձանագրելու և այդկերպ պետական բյուջե վճարման ենթակա գումարը պակաս հաշվարկելու, ինչպես նաև ՓԲԸ-ի` Լոռու մարզի Այրում-Ճոճկան ձորում գտնվող շրջանառու ջրամատակարարման համակարգը շահագործման հանձնելու ժամկետը երկարաձգելու թույլտվություն տալու համար այդ ընկերության խորհրդի նախագահի օգնական Հրանտ Ավագյանից պահանջել և դեկտեմբերի 28-ին` ժամը 17:30-ի սահմաններում, իր աշխատասենյակում ստացել է 5 մլն ՀՀ դրամ կաշառք: Այդ մասին, Հրանտ Ավագյանի գնալուց հետո, Արսեն Պետրոսյանն անմիջապես տեղեկացրել է տեսչության պետ Տիգրան Գրիգորյանին և իր աշխատասենյակում վերջինիս տվել գումարի նրա մասնաբաժինը` 3 790 000 դրամ: Մնացած 1 մլն 210 հազար դրամը Արսեն Պետրոսյանը պահել է իր մոտ:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի օգոստոսի 6-ի դատավճռով Արսեն Պետրոսյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 4-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել է ազատազրկման 10 տարի ժամկետով` անձնական գույքի բռնագրավմամբ` 1 210 000 դրամի չափով:

Տիգրան Գրիգորյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել զատազրկման 7 տարի ժամկետով` անձնական գույքի բռնագրավմամբ ` 3 790 000 դրամի չափով, հաղորդում է ՀՀ Դատախազության մամլո ծառայությունը: