Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը մինչև 2044 թ. երկարաձգելու մասին արձանագրությունը, որ ստորագրվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև, Հայաստանի շահերից է բխում: Այս մասին օգոստոսի 20-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է «Նորավանք» հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանը: Նրա խոսքերի համաձայն, արձանագրությունը մի կողմից` Թուրքիայի համար զսպող գործոն է, մյուս կողմից` վտանգի չի ենթարկում Հայաստանի իշխանությունների ինքնուրույնությունը:
«Թուրքական զորքերը երկու անգամ` 1992 թ. և 1993 թ., Նախիջևանի մոտ մոտեցել են Հայաստանի սահմանին, և եթե Ռուսաստանի միջամտությունը չլիներ, մենք հայ-թուրքական բախման վկաները կլինեինք: Իրավիճակը մինչ օրս միայն դեպի վատն է փոխվել` Թուրքիայի վերաբերմունքն ավելի թշնամական է դարձել, քան 18 տարի առաջ էր», – ասել է Գագիկ Հարությունյանը:
Փորձագետի կարծիքով, Ռուսաստանին նման արձանագրություն պետք է, որպեսզի, ամենից առաջ, ամրապնդի իր դիրքերը տարածաշրջանում, բացի այդ, որպեսզի թույլ չտա Թուրքիայի և Ադրբեջանի մերձեցումը: «Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել վերջերս Ալիևի և Գյուլի ստորագրած համագործակցության պայմանագիրը: Ռուսաստանին մտահոգում է Հյուսիսային Կովկասում տիրող իրավիճակը, որն անմիջականորեն կապված է Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ծառայությունների ու կրոնական կազմակերպությունների գործունեության հետ: Եվ այդ երկու երկրների մերձեցումը չի կարող բխել Ռուսաստանի, ինչպես նաև ԱՄՆ շահերից», – գտնում է Գագիկ Հարությունյանը:
Մեկնաբանելով Ադրբեջանին զենիթահրթիռային С -300 համալիր վաճառելու մասին տեղեկատվությունը, Գագիկ Հարությունյանը նշել է, որ այդ փաստը անհանգստություն է ներշնչում:





