Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության կողմից 2010 թ. հունիսի 16-ից 18-ն ընկած ժամանակահատվածում «ՄԱՐՍԱԺ» ՍՊԸ գրավատանը իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են գրավատան կողմից թույլ տրված հետևյալ խախտումները. Գրավատանը գույքագրում իրականացնելու պահին թվով 26 գրավատոմսերում նշված գրավները բացակայում էին, այսինքն` չէին պահպանվում օրենքով սահմանված վայրում: Գրավատանը գույքագրում իրականացնելու պահին բացակայող թվով 26 գրավատոմսերում նշված գրավները ապահովագրված չէին:
Կենտրոնական բանկի 2010 թ. մարտի 15-ի թիվ 1/212Ա որոշմամբ` Գրավատան կողմից «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի խախտման համար կասեցվել էր Գրավատան գրավատնային գործունեության իրականացման (գրավատան կազմակերպման) լիցենզիայի գործողությունը 5 (հինգ) աշխատանքային օրյա ժամկետով:
Քննարկելով գործի նյութերը, Գրավատան բացատրությունները, հիմք ընդունելով «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի դ) ենթակետը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի ժզ) ենթակետով և հաշվի առնելով Կենտրոնական բանկի լիցենզավորման ու վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է նկարագրված խախտումը թույլ տալու համար ուժը կորցրած ճանաչել (դադարեցնել) «ՄԱՐՍԱԺ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն գրավատան կազմակերպման լիցենզիայի գործողությունը, հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:





