Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության երկու տարին ցույց է տվել, որ համակարգում կան գործող մարմինների խնդիրների և գործառույթների կրկնություններ, համանման ստորաբաժանումներ, արդյունավետ չէ տեղեկատվության ստացման, ամփոփման, որոշումների կայացման և կառավարման գործընթացը։
Կառավարության որոշումներից մեկով հստակեցվել են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում լիազորված մարմնի խնդիրները, փոփոխվել է նախարարության աշխատակազմի կառուցվածքը, այլ որոշումներով նախարարության ենթակայությանն են հանձնվել Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմի պետական հրդեհային տեսչությունը, «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» և «Մթնոլորտային երևույթների ներգործության ծառայություն», սեյսմիկ պաշտպանության արևմտյան, արևելյան, հյուսիսային և հարավային ծառայությունների, «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ները։ Նախարարությանն են վերապահվել «Տեղեկատվական ապահովման և ազդարարման կենտրոն» և «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ների բաժնետոմսերի կառավարման լիազորությունները, իսկ «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» և «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ներում նախատեսվել են կառավարման կոլեգիալ մարմիններ։
Նիստում հաստատվել է ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծման ծրագիրը, որը լրամշակվել է` հիմք ընդունելով Եվրոպայի երկրների փորձն ու օրինակը։ Ակնկալվում է, որ կատարված բարեփոխմամբ կհստակեցվեն նախարարության և դրա համակարգի մարմինների գործառույթները և խնդիրները, կառուցվածքը կհամապատասխանեցվի խնդիրներին, կապահովվի օպտիմալացումը, կլուծվեն մի շարք այլ հարցեր։
Կառավարությունը համաձայնություն է տվել նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ԱՄՆ պաշտպանության պետկառույցի միջև «Կենսաբանական զենքերի ստեղծման մեջ օգտագործվելիք տեխնոլոգիայի, ախտածինների և փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Այս մասին հաղորդում է ԱԻՆ մամլո ծառայությունը:





