AM
1 Սեպտեմբեր 2010 - 10:15 AMT

Տեղի ունեցավ Մ. Հերացու անվան Երևանի բժշկական համալսարանի հոբելյանական հանձնաժողովի նիստը

Օգոստոսի 31-ին տեղի ունեցավ Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի հիմնադրման 90-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը

Համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանը ներկայացրեց հոբելյանական տարվա ընթացքում իրականացված և նախատեսվելիք միջոցառումները: Տեղեկացվեց, որ հաստատված ծրագրով արդեն անցկացվել են մի շարք միջոցառումներ, մասնավորապես` կազմակերպվել են տարբեր միջազգային գիտաժողներ, ֆորումներ, վերաբացվել է համալսարանական ակնաբուժական կլինիկան, բացվել է նոր, ժամանակակից սարքավորումներով հագեցած ախտորոշիչ կենտրոնը, համալսարանի հարակից պուրակում տեղադրվել է Մխիթար Հերացու արձանը:

Հոբելյանական հիմանական միջոցառումները նախատեսվում են հոկտեմբերին. կանցկացվեն բժշկության տարբեր ոլորտներին նվիրված մասնագիտական գիտաժողովներ, որոնց մասնակցելու համար Հայաստան են ժամանելու ավելի քան 300 հյուրեր աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր կրթական, գիտական հաստատություններից: Կլինեն նաև հոբելյանական հրատարակություններ, կպատրաստվի բուհի հիմնադրման 90-ամյակին նվիրված փաստավավերագրական ֆիլմ և այլն:

Նիստում գոհունակություն հայտնվեց միջոցառումների պատշաճ իրականացման համար: Հանձնաժողովն ընդունեց համալսարանի թանգարանի բացումը դեկտեմբերին կազմակերպելու առաջարկը, և վստահություն հայտնվեց, որ ծրագրված միջոցառումները ևս բարձր մակարդակով կանցկացվեն ` եզրափակելով հոբելյանական տարին, հաղորդում է ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժինը: