AM
8 Սեպտեմբեր 2010 - 07:22 AMT

Ադրբեջանահայերը պահանջում են ՄԱԿ-ից վերականգնել իրենց բոլոր ոտնահարված իրավունքները

Ադրբեջանահայերի ներկայացուցիչների hամաժողովի կազմկոմիտեն հայտարարությամբ դիմել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովին, որը քննարկելու է Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած բանաձևը: Հայտարարության մեջ մասնավորապես, ասվում է. «Հերթական անգամ հերթական միջազգային ատյանը լսում է հայկական հարցը: Վերջին հարյուրամյակում արդեն որերորդ անգամ: Ճիշտ է, հարցն այդպես չի կոչվում, որովհետև այն հայերը, որոնց հարցը լսվում է, գործոն չեն: Գործոնն այս անգամ Ադրբեջանն է, ավելի ճիշտ` այնտեղից արտահանվող նավթը, գազը, տարածքով անցնող կոմունիկացիաները: Այդ պատճառով հարցը երկարաշունչ անուն ունի, որտեղ կա “Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում” արտահայտությունը: Այդ նախագծում չկա ոչ մի բառ ադրբեջանահայության մասին, բայց այն նախ և առաջ հենց վերջինիս ճակատագրի մասին է: Ավելի ճիշտ` միջազգային ատյանի կողմից այդ ճակատագրի մերժման մասին»:

1988թ. քաղաքական ազատություններ հայտարարած Խորհրդային Միությունում՝ աշխարհի, կարծես թե, ամենակայուն հատվածներից մեկում, ի պատասխան Հայաստանին միանալու` Լեռնային Ղարաբաղի պետական ատյանների որոշման, բռնություններ ծավալվեցին ոչ միայն և ոչ այնքան ղարաբաղահայության, որքան ադրբեջանահայության նկատմամբ: Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում, Ադրբեջանի տասնյակ այլ փոքր և մեծ բնակավայրերում ապրող հարյուր հազարավոր հայեր չհասցրեցին անգամ հասկանալ, թե ինչ կատարվեց, երբ թիրախ դարձան դաժանագույն տանջանքների, հալածանքների, սպանությունների, տեղահանումների` զուտ մեկ պատճառով՝ որ իրենք հայ էին: Եվ եթե ղարաբաղահայության դեպքում որպես «բացատրություն և արդարացում» նման ոճրագործությունների հնչեցվում էին սեպարատիզմ, էքստրեմիզմ բառերը, ապա ադրբեջանահայության դեպքում չկար ոչ մի հիմնավորում, բացի հալածյալների հայ լինելուց, ասվում է հայտարարության մեջ: «Հարցերին, թե ինչու և ինչպես է այս ամենը հնարավոր, ինչու անմիջապես չի կասեցվում` որպես պատասխան ստացվեց խորհրդային առաջնորդ Գորբաչովի շուրթերից` «…ցանկացած քայլ անելուց առաջ չմոռանալ ադրբեջանական գործոնի մասին…»: Նա «գործոն» անվանեց սադիստական օրգիաներ իրականացնողների գոյության փաստը: Սա կարելի էր սնանկ պետական գործչի լեզվի սայթաքում համարել, եթե հաջորդող ավելի քան երկու տասնամյակում ամեն մի քայլափոխի չհանդիպեինք նավթ-գործոնին, ուժ-գործոնին, տարածք-գործոնին, ճիշտ հավատք գործոնին: Եվ, սակայն, մարդկային տառապանքները, խեղված ճակատագրերը, իսկ դրանց հետ միասին նաև արդարությունն ու օրենքը, երբևիցե չհնչեցին որպես գործոն: Աշխարհի այս թելադրանքն առաջինն ընկալեցին ղարաբաղցիները, զենքով պաշտպանեցին իրենց կյանքն ու ունեցվածքը: Եվ միանգամից գործոն դարձան: Հետո զբաղվեցին քաղաքականությամբ, և գործոնն այս ավելի ուժեղացավ:

Երբ լսեցինք ՄԱԿ-ում Ադրբեջանի օկուպացված տարածքների հարցի լսումների մասին, մի պահ թվաց, թե սառույցը վերջապես տեղից շարժվել է: Որ ի վերջո կխոսվի Բաքվի Արմենիքենդի և Գյանջայի հայկական թաղամասերի, Ադրբեջանի` տասնյակ և հարյուրավոր հայկական բնակավայրերի մասին, որտեղից բնիկ ժողովուրդն ուժով քշվել է ջարդարար խուժանի և նրանց հետ ուս-ուսի գործող ոստիկանության ու բանակի ստորաբաժանումների կողմից: Ահա սրանք են իրոք օկուպացված տարածքներ և ոչ թե պատերազմի հետևանքով ամայացած, անմարդաբնակ դարձած, ավերված մի քանի շրջաններ , որ այս բովանդակ աշխարհում ադրբեջանահայությանը մնացած միակ քիչ թե շատ օրինական հողակտորն էր: Հողակտոր, որում բնակություն հաստատած ադրբեջանահային, բացի 1-2 պարկ ալյուր ստանալուց, ոչ ոք ոչ մի օգնություն չցուցաբերեց, ոչ մի ներդրում չկատարեց: Որտեղ գոյատևելն անգամ շատ դժվար էր, ուր մնաց ապրելը, սովորելը, ստեղծագործելը: Եվ կարծես այս ամենը քիչ էր, մարդիկ, որ փորձեցին հաստատվել այնտեղ, բոլոր այս տարիներին ապրում էին Ադրբեջանի բարձրաստիճան ջարդարար ահաբեկիչների անթաքույց և անվերջ սպառնալիքների ներքո, հրետակոծության և կրակոցների անվերջ միջադեպերի պայմաններում: Եվ ոչ ոք աշխարհում չփորձեց սանձահարել այդ սպառնացողներին և կրակողներին` կարծես նպատակ ունենալով անել ամեն ինչ, որ այս ամայի տարածքներում ադրբեջանահայերը հանգրվան չունենան»,- Ադրբեջանահայերի ներկայացուցիչների Համաժողովի Կազմկոմիտեի հանձնարարականով գրում է Արկադի Հակոբյանը:

«Եվ այսօր առաջ է քաշված այս ողջ անօրենությունները ՄԱԿ-ի կողմից վավերացվելու հարցը: Եթե նրանց ձեռնարկը այս անգամ ևս հաջողությամբ պսակվի, մենք այլևս ասելու մեկ բան ունենք: Այս «իրատեսական» քաղաքականության դասերը, որ ավելի քան երկու տասնամյակ մատուցվում են ադրբեջանահայությանը, մեզ պարտադրում են դառնալ գործոն: Այս գործընթացի հեղինակներին և հովանավորներին ուզում ենք ասել, որ ընդունվող փաստաթուղթը լինելու է ավելորդ և անարդյունք: ՄԱԿ-ից պահանջում ենք վերականգնել մեր՝ անօրինաբար տեղահանված ադրբեջանահայերի բոլոր ոտնահարված իրավունքները համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության և հիմնարար Կոնվենցիաների»,-ասվում է ադրբեջանահայերի ՄԱԿ-ին ուղղված հայտարարության մեջ: