«Նույնիսկ կարևոր չէ կտեղադրվի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու խաչը, թե`ոչ: Կարևորն այն է, որ Թուրքիան խեղկատակություն է անում ողջ աշխարհի առջև և ցանկանում է հայերին ստիպել մասնակցել դրան»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը` մեկնաբանելով խաչի հնարավոր տեղադրման մասին լուրերը: Ըստ նրա, հայերը ոչ մի դեպքում չպետք է տեղի տան թուրքական հնարքներին: «Մենք չպետք է մասնակցենք թուրքական շուոին` մոռանալով սեփական արժանապատվությունը»,-ասել է Սաֆրաստյանը:
Հայ-թուրքական գործարար խորհրդի համանախագահ Քահան Սոյակը հայտարարել է, թե Թուրքիայի կառավարությունն արդեն իսկ որոշում է կայացրել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչը տեղադրելու վերաբերյալ:
Սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ է մատուցվելու` առաջին անգամ վերջին 95 տարում: Սակայն թուրքական իշխանությունները թույլ չեն տվել գմբեթին խաչ տեղադրել: Պատարագին հրաժարվել են մասնակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և Երուսաղեմի ՀԱԵ պատրիարքության ներկայացուցիչները: Հրաժարվել են դեպի Վան ուղևորություններից նաև որոշ հայկական զբոսաշրջային գործակալություններ:





