AM
9 Սեպտեմբեր 2010 - 12:28 AMT

Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթի խաչը կարող է տեղադրվել պատարագից մեկ օր առաջ, եթե դա պահանջեն Անկարայի քաղաքական շահերը

Թուրքիայի իշխանությունները կարող են տեղադրել Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթի խաչը պատարագից մեկ օր առաջ, եթե դա պահանջեն Անկարայի քաղաքական շահերը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Ըստ նրա, թուրքական ղեկավարության փաստարկումները, որը հայտարարում է, թե չի հասցնի տեղադրել խաչը տեխնիկական պատճառներով, ուղղակի ծիծաղելի են:

«Այս ամբողջ իրարանցումը պատարագի, խաչի տեղադրման շուրջ, թուրքական իշխանությունների մեծ շոուն է: Իսկ ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը հանդես է գալիս թուրքական կառավարության մամլո քարտուղարի դերում և փորձում է արդարացնել նրա գործողությունները,-ասել է թուրքագետը: Այնուամենայնիվ, Ռուբեն Մելքոնյանը քիչ հավանական է համարում խաչի տեղադրումը:

Սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ է մատուցվելու` առաջին անգամ վերջին 95 տարում: Սակայն թուրքական իշխանությունները թույլ չեն տվել գմբեթին խաչ տեղադրել: Պատարագին հրաժարվել են մասնակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և Երուսաղեմի ՀԱԵ պատրիարքության ներկայացուցիչները: Հրաժարվել են դեպի Վան ուղևորություններից նաև որոշ հայկական զբոսաշրջային գործակալություններ: