«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սեպտեմբերի 29-ին ՀՀ խորհրդարանում նախաձեռնում է երիտասարդությանն առնչվող պետական քաղաքականության մասին օրինագծի քննարկումը՝ լսելու համար այդ հարցի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների տեսակետները: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Ընդ որում, նա նշել է, որ այդ օրինագիծը ներառում է բավականին լուրջ մի սոցիալական փաթեթ, որն ուղղված է երիտասարդների սոցիալական խնդիրների լուծմանը:
Իր հերթին «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը քննադատել է օրինագիծն՝ ասելով, թե մի օրինագծով երիտասարդության խնդիրները չեն լուծվի: Նա նաև դժգոհություն է հայտնել, որ այսօր շատ բուհերում երիտասարդները կուսակցականացված են՝ նշելով, որ երիտասարդությունը հիմնականում անդամակցում է կոալիցիոն կուսակցություններին:





