Սեպտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական տարածաշրջանների ասամբլեայի (ԵՏԱ) պատվիրակությանը` ասամբլեայի նախագահ, Իլ դե Ֆրանս ռեգիոնի փոխնախագահ Միշել Սաբբանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Եվրոպական տարածաշրջանների ասամբլեայի գլխավոր քարտուղար Կլաուս Կլիպը և ԵԽ ԽՎ անդամ, Ֆրանսիայի Ազգային ժողովի հայ-ֆրանսիական բարեկամական խմբի փոխնախագահ Ռենե Ռոուքեն:
Ողջունելով հյուրերին` Ազգային ժողովի նախագահը գոհունակությամբ փաստեց Հայաստանի ու Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը և պատրաստակամություն հայտնեց նպաստել դրանց ամրապնդմանը բոլոր բնագավառներում:
Եվրոպական տարածաշրջանների ասամբլեային անդամակցում են եվրոպական 33 երկրների 270 շրջաններ (կամ մարզեր) և 16 միջռեգիոնալ կազմակերպություններ: Ասամբլեայի նախագահ Միշել Սաբբանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ շրջանների միջև փորձի, կարծիքների փոխանակումը նպաստում են ժողովուրդների փոխըմբռմանը և մերձեցմանը: Նա հույս հայտնեց, որ արդեն այս տարվա նոյեմբերին` Ստամբուլում կայանալիք վեհաժողովի ժամանակ Հայաստանի համայնքները ես կանդամակցեն իրենց կազմակերպությանը: Միշել Սաբբանի խոսքերով` իրեն հայտնի է, որ Ազգային ժողովի նախագահը լավատեղյակ է մարզերի ու տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքին ու գործունեությանը, քանի որ երկար տարիներ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում համակարգել է նրանց աշխատանքը:
Հովիկ Աբրահամյանը կարևոր համարեց տեղական ինքնակառավարման մարմինների ու տարածաշրջանների համագործակցության գաղափարը և բարձր գնահատեց Եվրոպական տարածաշրջանների ասամբլեայի գործունեությունը ու Հայաստանի համայնքների անդամակցությունը այդ կազմակերպությանը, ինչը կնպաստի ՏԻՄ-երի կառույցի ամրապնդմանը, միջհամայնքային և միջշրջանային համագործակցությանն ու առկա խնդիրների համատեղ լուծմանը: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը կարևոր համարեց ՏԻՄ-երին լայն լիազորություններով օժտելը և համայնքների ուժեղացումը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահն առաջարկեց ԵՏԱ-ի շրջանակներում Հայաստանում անցկացնել կովկասյան տարածաշրջանի երկրների համայնքների կոնֆերանս, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:





