Խաղողի մթերման գործընթացին ծանոթանալու նպատակով ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Արմավիրի մարզում էր: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ Արմեն Գևորգյանը նախ այցելեց Վաղարշապատի «Սար կոպ» ՍՊԸ, որտեղ մթերումն սկսվել է սեպտեմբերի 28-ից: Ընկերության ղեկավարության հավաստիացմամբ` անհրաժեշտ բոլոր պայմաններն ստեղծված են լայնածավալ և կազմակերպված մթերում իրականացնելու համար: Տեղեկացվեց, որ վճարումները կատարվում են տեղում` առանց ձգձգումների:
Արշալույս համայնքում բերքն ընդունվում էր «Արփենի» գինու գործարանի կողմից: Փոխվարչապետին ներկայացվեցին մթերման ընթացքը, մինչ այժմ մթերված բերքի ծավալները, ինչպես նաև սեփական արտադրանքը:
«Երևանի կոնյակի գործարան» ԲԲ ընկերության Արմավիրի մասնաճյուղում հյուրերին ներկայացվեցին խաղողի շաքարայնության աստիճանը որոշող նորագույն սարքավորումները: Ընկերության գլխավոր տնօրեն Արա Գրիգորյանի հետ քննարկվեցին լրացուցիչ 500 տոննա մթերելու հնարավորությունը և աշխարհագրությունը: Արմեն Գրիգորյանը ներկայացրեց նաև գործարանի` Տավուշի մասնաճյուղում մթերման ընթացքը:
Լուկաշին համայնքում հյուրերն այցելեցին «Ալվան» ՍՊԸ, որն ընդլայնելով հնարավորությունները, այս տարվանից սկսել է նաև խաղող մթերել: Ներկա գտնվելով մթերման ընթացքին` փոխվաչապետը ծանոթացավ նաև գործարանի հզորություններին: Տեղեկացվեց, որ առաջիկայում կգործարկվի նաև պտուղ- բանջարեղենի նոր արտադրամասը, որը կնպաստի տարածաշրջանի այգեգործների բերքի իրացմանը:
«Սամկոն» ՍՊԸ-ի` Հացիկ համայնքում գտնվող մթերման կետում հյուրերին տեղեկացրեցին, որ արդեն մթերվել է 1500 տոննա խաղող: Վճարումների որոշ մասը կատարվում է տեղում, որոշ մասն էլ` կարճ ժամանակահատված հետո: Փոխվարչապետին վստահեցրին, որ ուշացումներ և ձգձգումներ չեն լինում: Լենուղի համայնքում փոխվարչապետը ծանոթացավ «ՄԱՊ» ԲԲԸ-ի կողմից իրականացվող թե խաղողի, թե պտուղ-բանջարեղենի մթերման գործընթացին: Գործարանն այս տարի նախատեսում է մթերել 10 հազ. տոննա խաղող` նախորդ տարվա 5320 տոննայի դիմաց: Ընկերության տնօրենը ներկայացրեց կոնյակի հնեցման նոր արտադրամասը, գործարանի ներկա հնարավորություններն ու զարգացման հեռանկարները: Նշվեց, որ առանձնահատուկ կարևորվում է տարածաշրջանի այգեգործների հետ մշտական աշխատանքը:
Ավարտելով երկօրյա այցելությունը` փոխվարչապետն ընդհանուր առմամբ բավարար գնահատեց մթերման գործընթացը: Մթերող ընկերությունները հիմնականում պահպանում են խաղողագործների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորպես` խաղողի 1 կգ-ի արժեքը կազմում է 120 դրամ: Փոխվարչապետի հանձնարարականով գործընթացին մշտապես հետևում են նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության ու մարզպետարանների ներկայացուցիչները` ընթացքում ի հայտ եկող խնդիրների լուծմանն աջակցելու և հատկապես մթերվող խաղողի գներին ուշադրություն դարձնելու համար: Մթերող ընկերությունները փոխվարչապետին ներկայացրեցին իրականացվող գնային քաղաքականությունը: Այն ընկերությունները, որոնք խաղողի 1 կգ-ը մթերում են մինչև 120 դրամով, պետք է հիմնավորեն իրենց գնային քաղաքականությունը: Անհրաժեշտության դեպքում հարցը լրացուցիչ կքննարկվի ՀՀ կառավարությունում: Խաղողագործներին նաև կոչ է արվում ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը և համապատասխան մարզպետարաններին տեղեկացնել այն ընկերությունների մասին, որոնք մթերումը կազմակերպում են մինչև 120 դրամով` համապատասխան ուսումնասիրություններ կատարելու և քայլեր ձեռնարկելու համար, հաղորդում է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:





