AM
2 Հոկտեմբեր 2010 - 10:09 AMT

Հայաստանում վերանայում են պաշտպանության ռազմավարությունը

Հոկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման հարցերով Ամերիկայի Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խմբի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Բրյուս Դոնահյուն:

Զրույցի ընթացքում քննարկվեցին պաշտպանության ռազմավարական վերանայման ընթացիկ փուլում կատարված աշխատանքները և հետագա անելիքները:

Կողմերն արձանագրեցին պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացում գրանցված առաջընթացը, նախնական պայմանավորվածություններ ձեռք բերեցին խորհրդատվության շրջանակների ընդլայնման և շարունակականության ապահովման հարցերում:

ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանն ընդգծեց, որ պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը և դրա հետ փոխկապակցված պաշտպանական բարեփոխումները նպատակաուղղված են միմիայն պաշտպանական կարողությունների զարգացմանը, հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: