ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը «Հենարան» մամուլի ակումբում այսօր անդրադարձավ ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնակաների համար նախատեսված բնակարանաշինության ընթացքին:
ԵՊՀ թվով 315 երիտասարդ դասախոսներ ու գիտաշխատողներ այս տարվա նոյեմբերի վերջին բնակարանամուտ կտոնեն: Արսեն Քարամյանի խոսքերով, այս հաջողված փորձից հետո հանրապետության նախագահի կողմից հաձնարարական ստացվեց շարունակելու ծրագիրը:
ԳԱԱ նախագահության անդամների հետ Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո ակադեմիայի գիտաշխատողների բնակարանային ապահովման խնդիրը ևս ներառվեց ծրագրում: «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» սոցիալական ծրագիրը չանտեսեց նաև մարզերը: Շուրջ վեցամսյա ուսումնասիրությունից հետո` հաշվի առնելով կարիքավորության և վճարողունակության սկզբունքները, ընտրվեցին Սյունիքի և Տավուշի մարզերը: «Այս պահի դրությամբ ձեռնամուխ ենք եղել 5 համալիրի կառուցման աշխատանքներին, որից երկուսի շինարարական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, իսկ երեքինը հետո կսկսվեն» ,-տեղեկացրեց Արսեն Քարամյանը: Համալիրներից առաջինը` ԵՊՀ երիտասարդ դասախոսների և գիտաշխատողների համար, նոյեմբերի վերջերին շահագործման կհանձնվի: «Բացառությամբ աղետի գոտու բնակարանաշիության, Հայաստաի նորանկախ պատմության ընթացքում երբևէ բնակֆոնդ շահագործման չի հանձնվել», -նշեց Արսեն Քարամյանն ու հավելեց, որ առաջին անգամ նաև փորձ է արվում մարզերում ևս նորագույն լուծումներով բնակֆոնդ շահագործաման հանձնել` շուկայականից անհամեմատ ցածր գներով, ինչը կարևոր է նաև կառավարության` մարզերի համաչափ զարգացման քաղաքականության իրագործման տեսանկյունից:
Ինչ վերաբերվում է ծրագրի պայմաններին, այն մատչելի կլինի: «Կենտրոնական բանկի հետ բանակցություններ են տարվում, երիտասարդ գիտաշխատողների և մարզերի երիտասարդների համար 20 տարի տևողությամբ արտոնյալ վարկային փաթեթներ ձեռք բերելու համար` 20 տոկոս կանխավճարով և 10 տոկոս տարեկան տոկոսադրույքով», – ասաց փոխնախարարը` հավելելով, որ շինարարության ընթացքում բնակարանի արժեքը վերանայման ենթակա չի լինելու: Պայմանագրերը շահառուների հետ կկնքվեն դրամով: Երկու սենյականոց բնակարանի գինը 26-27 հազար դոլար կարժենա:





